Սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումից հետո սահմանամերձ բնակավայրերում հյուրանոցային տնտեսությունը ընկճվածության մեջ է հայտնվել․ Խաչատրյան
17:44 - 06 դեկտեմբերի, 2022

Սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումից հետո սահմանամերձ բնակավայրերում հյուրանոցային տնտեսությունը ընկճվածության մեջ է հայտնվել․ Խաչատրյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀ պաշտոնյաներին, տնտեսավարողներին ու բոլոր քաղաքացիներին կոչ արեց իրենց հանգիստը, արտագնա նիստերը, ժողովները, սեմինարները կազմակերպել այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժել է տուրիզմը։ 

«Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիան, ռազմական հարձակումները ուղղված են ոչ միայն երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության դեմ, այլ նաև տնտեսական զարգացման և ընդհանրապես տնտեսության դեմ։ Թշնամու նպատակն է նաև կթավածահար անել մեր տնտեսությունը։ Ինչ-որ առումով դա նրան հաջողվում է նաև մեր օգնությամբ։ Սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակումից հետո մեր սահմանամերձ բնակավայրերում՝ Վայոց ձորում, Սյունիքում, մասնավորապես Գորիս քաղաքում, Ջերմուկում հյուրանոցային տնտեսությունը ընկճվածության մեջ է հայտնվել  և բավականին ծանր կացության մեջ է գտնվում։

Այն, որ արտասահմանից եկած տուրիստները չեն գնում Սյունիք, Վայոց ձոր, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց այն, որ ներքին տուրիզմն է դարձել զրոյական մակարդակի վրա, դա ինձ համար հասկանալի չէ։ Այսօր, երբ նայում ենք Դիլիջանի, Ծաղկաձորի և հյուրանոցների ծանրաբեռնվածությունը, տեղ չկա, բայց Սյունիք, Վայոց ձոր, Գորիս, Ջերմուկ, ամբողջությամբ գրեթե տուրիստներ չեն գնում, և ինչ-որ տեղ սա իմ համար անհասկանալի է»։ 

Խաչատրյանը նշեց՝ հայրենասիրությունը միայն պատերազմի ժամանակ չի, որ պիտի դրսևորվի․ «Հայրենասիրությունը պիտի դրսևորվի մեր ամենօրյա վարքագծում, և հայրենասիրության դրսևորում է այդ տնտեսություններին օգնելու նպատակով մեր ժողովները, սեմինարները, հանգիստը այդ տուժած քաղաքներում անցկացնելը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել