Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Տավուշում սոցիալ-կրթական, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց աջակցության կենտրոններ կստեղծվեն

 |armenpress.am|
16:53 - 23 դեկտեմբերի, 2022

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Տավուշում սոցիալ-կրթական, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց աջակցության կենտրոններ կստեղծվեն |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզի Բերդ քաղաքում անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների բարելավման նպատակով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, «Պահապան զարգացման» հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոնի» միջև դրամաշնորհային ծրագրերի պայմանագրեր ստորագրվեցին: 

Ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար՝ «Պահապան զարգացման» հիմնադրամին, և շուրջ 70 հազար դոլար՝ «Կանանց աջակցման» կենտրոնին: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթև Ստեփանյանը նշեց՝ նախարարությունը վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է պահում համայնքային ծառայությունների ընդլայնումը: 

 «Հուշագրերի ստորագրումը վկայում է, որ Ճապոնիայի և ՀՀ-ի կառավարությունները մեկ դիտանկյունից են նայում համայնքների զարգացմանն ու սոցիալական ոլորտի պաշտպանության խնդրին: Վստահ եմ, որ ջանքերի մեկտեղումը նպաստելու է՝ ևս մեկ քայլ առաջ գնալ խնդիրները լուծելու կարևոր գործընթացում»,- նշեց փոխնախարարը: 

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծեց, որ  իր համար մեծ պատիվ է մասնակցել անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների բարելավման ծրագրերի ստորագրման արարողությանը:

«Ուրախ եմ հայտարարել, որ այս հուշագրի ստորագրման շրջանակներում  դրամաշնորհային  օժանդակություն է տրամադրվելու «Պահապան զարգացման» հիմնադրամին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում երեխաների, ծնողների, երիտասարդների համայնքային բազմաֆունկցիոնալ սոցիալական և կրթական կենտրոնի կառուցման նպատակով: Մեկ այլ դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու «Կանանց աջակցման կենտրոնին», որի նպատակն է վերանորոգել կենտրոնը, որտեղ կազմակերպությունը մատուցում է սոցիալական խորհրդատվական ծառայություններ և իրավաբանական օգնություն, ինչպես նաև՝ վերանորոգել կանանց և երեխաների համար նախատեսված 2 ապաստարան՝ ստեղծելով առավել ապահով և հարմար պայմաններ»,- ասաց դեսպանը: 

«Պահապան զարգացման» հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նպաստել Բերդում բնակչության խոցելի խավի կյանքի որակի բարելավմանը ՝ կառուցելով հասարակական սոցիալ-կրթական կենտրոն։ Արդյունքում, տարեկան մոտ 2800 մարդ կշահի նախագծից։

«Ծրագիրը նպատակ ունի ապահովել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների անվտանգությունն ու կենսապայմանների բարելավումը՝ խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների կահավորմամբ, ինչպես նաև շենքերի վերանորոգմամբ: Արդյունքում, նախագծի շրջանակում տարեկան մոտ 300 կին և երեխա կշահեն»,- եզրափակեց «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Հասմիկ Գևորգյանը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել