ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները հաստատեցին քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները |armenpress.am|
11:43 - 30 ապրիլի, 2019

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները հաստատեցին քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները |armenpress.am|

armenpress.am։ Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները հաստատեցին օրակարգով քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները: 

«Մենք այսօր նեղ կազմով անցկացրինք շատ արդյունավետ քննարկում: Բոլոր երկրները դրսևորեցին կառուցողական կեցվածք: Բայց կարծում եմ, որ դա տեղի ունեցավ մեծամասամբ այն բանի շնորհիվ, որ դուք՝ հարգելի Նիկոլ Վովայի, միացաք մեզ: Հուսով եմ, որ մենք հետագայում նույնպես այդպիսի արդյունքներ կգրանցենք: Ես Հայաստանին ցանկանում եմ հաջողություններ ԵԱՏՄ նախագահության գործում»,- ասաց Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը:

Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը նոր տեմպ կհաղորդի կառույցին: «Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը մեր կառույցին նոր տեմպ կհաղորդի: Այս տարին մեր կառույցի համար հոբելյանական է: 2018թ. մենք ամփոփեցինք մի շարք ոլորտներում տնտեսական աճով»,- ասաց Մամինը:

Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը շեշտեց այն հանգամանքը, որ 2019թ. լրանում է միության ստեղծման պայմանագրի կնքման հինգերորդ տարին: «Այս տարի մենք նշում ենք ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի կնքման 5 տարին: ԵԱՏՄ-ն հանդիսանում է երիտասարդ և արագ զարգացող ինտեգրացիոն միություններից մեկը:

Փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, ինչպես նաև մեծ Եվրասիական հարթակի մտահղացման զարգացումը հանդիսանում են ԵԱՏՄ զարգացման հիմնական ուղղությունները: Միության ներսում գրանցված տնտեսական հաջողությունները խոսում են ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական հաջող և ինտենսիվ համագործակցության մասին»,- նշեց Աբիլգազիևը։

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ կառույցի ինտեգրացիոն ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացել է: «5 տարին երկար ժամկետ չէ, բայց կարելի է խոսել իրականացած աշխատանքների մասին: Կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ ինտեգրացիոն ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացել է: Այն աշխատում է, մեր հնգյակի միասնական շուկան զարգանում է: Դրական փոփոխություններ կան բոլոր ուղղություններով»,- ասաց Մեդվեդևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել