Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի. Վիգեն Խաչատրյանը |azatutyun.am|
15:08 - 26 դեկտեմբերի, 2022

Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի. Վիգեն Խաչատրյանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի, կարծում է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ճիշտ համարելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ի մոսկովյան հանդիպմանը չգնալը։

Այն, ինչ տեղ է ունենում Լաչինի միջանցքում, կազմակերպված սադրանք է, հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով՝ դրա նպատակն է Հայաստանի և Արցախի նկատմամբ ճնշումներ բանեցնելը։

Խաչատրյանի գնահատմամբ՝ ռուսական այսօրվա քաղաքականությունն ավելի շատ միտված է փոխադարձ անվստահությունը խորացնելուն։ Շատ վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանը, նկատեց պատգամավորը։

«Այն, ինչ կատարվում է Լաչինի տարածքում, եթե Ռուսաստանը չցանկանար, այդպիսի գռեհիկ, բիրտ քաղաքականություն Ադրբեջանը չէր վարի Լաչինի տարածքում։ Այն, ինչ վերաբերում է մեր ռազմագերիներին՝ եթե Ռուսաստանը ցանկանար, նրանք վաղուց Հայաստանում կլինեին։ Այն ինչ, վերաբերում է Ադրբեջանի լկտի պահվածքին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն՝ նորից Ռուսաստանի պարտականությունների կատարման դեպքում տեղի չէր ունենա, մենք պիտի սա ռուսներին բաց ասենք, և կարծում եմ, որ ի տարբերություն ռուսների, մյուսները շահագրգռված են, որ այստեղ խաղաղություն լինի», - ասաց Խաչատրյանը։

Արդյոք Ռուսաստանը շահագրգռված է վերականգնելու նախկին Խորհրդային Միության տարածքը պատգամավորը չի կարող ասել՝ շեշտելով՝ յուրաքանչյուր պետություն իր շահերն է հետապնդում և Հայաստանի ինքնուրույն դառնալու ցանկությունները, նրա խոսքով, պարտադիր չէ, որ համընկնի մյուսների շահերի հետ։

Հիշեցնելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանի համար Խորհրդային Միությունը նախկին ցարական Ռուսաստանն էր, Խաչատրյանը այն ցինիկ որակեց։

«Նախկին ցարական Ռուսաստանում ազգային տարածքներ գոյություն չեն ունեցել, եղել են գավառներ՝ համապատասխան բնակավայրի անունով՝ Նախիջևանի, Երևանի, Թբիլիսիի, չգիտեմ, այսինքն՝ Պուտինը բաց ասաց, որ այսօրվա Ռուսաստանի համար Խորհրդային Միությունը դա նախկին ցարական Ռուսաստանն էր, որն ազգերի իրավունքներ չէր ճանաչում, և այստեղից էլ բխում է Ռուսաստանի այս նյարդային պահվածքը, երբ որ Հայաստանը փորձում է հանդես գալ, որպես ազգային պետություն՝ իր ազգի շահերը երաշխավորելու և ապահովելու, մենք պետք է սա խորությամբ ընկալենք՝ որտեղ է շան գլուխը թաղված։ Ակնհայտ է, որ այսօրվա Ռուսաստանը երբեք չի կարող դառնալ Խորհրդային Միություն՝ բոլոր լավ ու վատ կողմերով, Խորհրդային Միության խնդիրը մի այլ բան է, որովհետև ինքը, որպես համակարգ, դատապարտված էր փլուզման, դա ուրիշ խնդիր է», - եզրափակեց պատգամավորը։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը չկայացավ։ Այն հետաձգվեց՝ հայկական կողմի խնդրանքով։ Այս պահին արտգործնախարար Միրզոյանի առաջնահերությունը Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցերն են, հայտարարեց Արտգործնախարարության խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել