Ուսումնասիրությունը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ. ՊՎԾ պարզաբանումը
16:41 - 26 դեկտեմբերի, 2022

Ուսումնասիրությունը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ. ՊՎԾ պարզաբանումը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում ուսումնասիրություն է իրականացրել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է մամուլի հաղորդագրություն։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրությունը «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և տրամադրվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։

Վերահսկվող օբյեկտի կողմից ստացվել է նաև վերոնշյալ կարծիքը: Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկել է Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Տեղեկացնենք նաև, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված Տեղեկանքը և առնչվող նյութերը (ներառյալ՝ վերահսկվող օբյեկտի կողմից ներկայացված կարծիքը) ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Պետական վերահսկողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում և հորդորում է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին ձեռնպահ մնալ որևէ եղանակով ՀՀ պետական վերահսկողական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող փորձից»,- նշված է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն- խմբ․) նախաձեռնվել է քրեական վարույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել