Հույս ունեմ՝ վարչապետը կմտածի, թե ինչպես ստացվեց, որ հեղափոխությունից մեկ տարի անց «Բարգավաճ Հայաստան»-ի բիզնես գործունեությամբ զբաղվող պատգամավորները մեզ իր հայտարարությամբ են հակադարձում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով դիմում ներկայացրածները անտեսել են վարչապետի գնահատականը։
Նահապետյանը պատգամավորի հայտարարության վերաբերյալ ասաց․ «Իմ փորձառությունը ցույց է տալիս, որ երբ ինչ-որ հարցի արձագանքում են, նախ կարդում են՝ ինչ է գրված այնտեղ։ Սա պարզ պատասխանատվության հարց է։
Ինչ վերաբերում է մեր դիմումին, այնտեղ մենք հստակ հայտարարություններ ենք վկայակոչել, որոնք հնչել են Գագիկ Ծառուկյանի շուրթերից, մասնավորապես․ «Ես իմ կառավարիչներին հանձնարարել եմ՝ 10 հզր դրամով իջեցնեն ցեմենտի գինը, որ թեկուզ թող շատ քիչ լինի, էժան լինի, բայց մենք քայլ կատարենք»։ Ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվողը ապրանքի գնի վրա ազդեցություն չի ունենում, դրանով շուկայում իր ներկայացվածության ծավալներին ու դիրքին ազդեցություն չի ունենում, և ընդհանրապես, ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվողը մասնավոր կազմակերպությանն ու նրա հավատարմագրային կառավարիչներին հանձնարարություններ չի տալիս»։
ՔՈ ՍԴԿ-ի մամուլի խոսնակը նաև նշեց․ «Ուրախ կլինեմ՝ Գևորգ Պետրոսյանի շուրթերից լսելու պատասխանը, թե երբ Գագիկ Ծառուկյանն ասում է․ «Գնացել էի ներդրողների հետ հանդիպելու, գործերս թողել, եկել եմ Ազգային ժողով», մի կողմ թողնելով հարցը, թե որն է գործը, որ թողնում, գալիս են ԱԺ, ինձ հետաքրքիր է՝ էդ ներդրողներին ինքը հանդիպում էր որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ որպես բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ։ Այս հարցի պատասխանը շատ էական է, սրան թող պատասխանեն, հետո մնացածը կերևա»։
Միքայել Նահապետյանի խոսքերով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից ակնհայտ բխում է, որ միջամտություն ունի իր սեփականությունը հանդիսացող կազմակերպությունների կառավարմանը, նրանց գնային, աշխատավարձային քաղաքականությանն ու ժամկետներին։ «Ախր այդ ամեն ինչը հրապարակային է եղել։ Մարդը գնացել, Արարատում օր է պայմանավորվել՝ երբ են աշխատավարձ տալու, կառավարիչին օր է հանձնարարել ու ասել՝ եթե այդ օրը չկարողանաս, արի ես տամ, հետո դու ինձ կտաս։ Հավատարմագրային կառավարումն այս ձևով չի լինում և ձեռնարկատիրական գործունեությունը պոզով-պոչով չի լինում»,- ասաց նա։
Անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի այն դիտարկմանը, թե դիմումատուներն անտեսել են վարչապետի գնահատականը, ըստ որի՝ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, և Հայաստանում օլիգարխներ չկան, Նահապետյանն ասաց․
«Ես հույս ունեմ, որ երբ վարչապետը երեկոյան կծանոթանա մամուլի հրապարակումներին ու կհասնի այդ հայտարարությանը, մի պահ թերթը մի կողմ կդնի ու կմտածի՝ էդ ոնց ստացվեց, որ հեղափոխությունից մի տարի հետո ԲՀԿ պատգամավորները մեզ իր հայտարարությամբ են հակադարձում։
Եվ հույս ունեմ, որ այդ միտքը իր գլխին գալուց հետո, երբ մտքում պատասխանի այդ հարցին, մենք կշարունակենք հեղափոխական ճանապարհով գնալ, բեկում կունենանք, ինչպես եղավ ապրիլի 15-ին՝ այն հայտնի իրադարձության ժամանակ, երբ վարչապետն ինքն իրեն հարց տվեց, թե ինչն է սխալ անում, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս։ Հուսով եմ՝ վարչապետն այս հարցն իրեն կտա, թե ի՞նչու են «Բարգավաճ Հայաստան»-ի բիզնես գործունեությամբ զբաղվող պատգամավորները մեզ հակադարձում իր պատասխաններով»։
comment.count (0)