Ադրբեջանի նախագահը կեղծ փաստերով փորձում է ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր․ Արման Թաթոյան
10:38 - 14 հունվարի, 2023

Ադրբեջանի նախագահը կեղծ փաստերով փորձում է ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահը 2023թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Սա նրա այն կեղծիքն է, թե «Հայաստանն առանց արժեք երկիր է (...) ադրբեջանական հինավուրց հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք է»:

Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ:

Պետական սահմանների դելիմիտացիայի հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով:

Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։

Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են:

Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսևորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել