Սյունիքի զարգացման համար 5 տարում 51 մլն եվրո կհատկացվի
15:29 - 19 հունվարի, 2023

Սյունիքի զարգացման համար 5 տարում 51 մլն եվրո կհատկացվի

Հունվարի 18-ին հայտարարվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկի մասին։ Այն Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

«Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը։ Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետություններից՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան, ինչպես նաև Շվեյցարիան և Եվրոպական ներդրումային բանկը մեկտեղել են իրենց ջանքերը հանուն Սյունիքում փոխակերպող ազդեցության», - պաշտոնական արարողությանն իր խոսքում ընդգծել է դեսպան, ԵՄ հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ 

««Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համահունչ է ՀՀ Կառավարության սահմանած՝ Սյունիքի մարզի զարգացման, ինչպես նաև՝  ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի առաջնահերթություններին»,- ասված է միջոցառման մասին Սյունիքի մարզպետարանի տարածած հաորդագրության մեջ։

Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, մասնավորապես նպաստելով՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար: Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում:  Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին»,-միջոցառմանն իր ելույթում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մեկ միասնական եվրոպական ձայնով հանդես գալով՝ «Թիմ Եվրոպա» մոտեցումը գործընկերության և միաբանության վերաբերյալ հստակ ուղերձ է ուղարկում՝ աշխատելու միասին կառուցելու կանաչ, արդար, կայուն և ներառական հասարակություններ՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդկային զարգացման կարիքները։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունները, Եվրոպական միության նոր «Գլոբալ դարպաս» նախաձեռնության և Տնտեսական և ներդրումային պլանի հետ միասին ԵՄ երկարաժամկետ արձագանքն են հարափոխ աշխարհաքաղաքական իրողություններին, երբ նոր մարտահրավերների լուծումները պահանջում են ջանքերի մեկտեղում և համատեղ գործողություններ», - իր ելույթում ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընը։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մեկնարկի միջոցառման ավարտին ստորագրվեցին նախաձեռնության շրջանակում իրականացվելիք երկու ծրագրերի պայմանագրեր։

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման համագործակցության կողմից ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։

60 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023թ. հունվարին։

«Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։

1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ 36 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023 թ․ փետրվարին։

«Շնորհակալություն եմ հայտնում այս նախաձեռնությանն աջակցող բոլոր երկրներին և կազմակերպություններին, որոնք նախորդ տարվա ընթացքում այցելել են Սյունիք և պատրաստակամություն հայտնել ներդրում կատարելու հանուն Սյունիքի մարզի զարգացման։ Հատկապես դժվարին ու մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում և այն բարդ  իրավիճակում, որում հայտնվել է Սյունիքը, նման միջազգային խոշորածավալ ծրագրերն ու ներդրումները լուրջ ազդակ են մեր մարզի բնակչության համար՝ ապագայի հանդեպ հույսի ու լավատեսության համար», - իր խոսքում նշել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Լուսանկարները՝ Սյունիքի մարզպետարանի էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել