ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիական խոշոր օբյեկներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և խիստ վերահսկողություն
16:25 - 20 հունվարի, 2023

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիական խոշոր օբյեկներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և խիստ վերահսկողություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ հունվարի 20-ին տեղի ունեցավ արտահերթ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանն ու Սուրեն Մինասյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Այս մասին տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։

Գարեգին Խաչատրյանի կողմից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց հանձնարարական սեղմ ժամկետներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ հանրապետության տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկներում՝ մասնավորապես՝ առևտրի խոշոր կենտրոններում, փայտամշակման, տպագրական արտադրամասերում, նավթամթերքի պահեստարաններում, ընդհանուր նշանակության պահեստներում, բազաներում և հասարակական նշանակության այն օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ։

Խաչատրյանը նշեց, որ հրդեհատեխնիկական հետազոտության ավարտից հետո Տեսչական մարմնի կողմից կկայացվեն գործունեության կասեցման կամ շահագործման դադարեցման որոշումներ բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնց կողմից շահագործվող շենք-շինություններում Տեսչական մարմնի մասնագետները կարձանագրեն հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության ապահովման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել