Ավարտվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի և «Մալաթիա» տոնավաճառ  տնօրինության և ներկայացուցիչների հանդիպումը
14:45 - 01 փետրվարի, 2023

Ավարտվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի և «Մալաթիա» տոնավաճառ տնօրինության և ներկայացուցիչների հանդիպումը

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը ավելի վաղ հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի, քանի որ տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

 «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները սակայն առավոտից բողոքի ակցիա են իրականացրել տոնավաճառի տարածքում։

Ավելի ուշ ոմանք գնացել են ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ հանդիպման։ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպումից․

«Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ըկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։

Հանդիպման ընացքում քննարկվեցին Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերի իրականացման հարցը։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Տնօրինությանը ներկայացվեց նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։

Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել