Տեսչական մարմինը Սյունիքի մարզ կատարած վերահսկողական այցի ընթացքում մի շարք խախտումներ է արձանագրել
20:25 - 18 հոկտեմբերի, 2024

Տեսչական մարմինը Սյունիքի մարզ կատարած վերահսկողական այցի ընթացքում մի շարք խախտումներ է արձանագրել

2024 թ․ հոկտեմբերի 16-17-ը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանն աշխատանքային այցով գտնվում էին Սյունիքի մարզում։
 
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Գառնիկ Պետրոսյանի և համապատասխան մասնագետների ուղեկցությամբ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց կատարեց և տեղում ծանոթացավ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում և նրա տարբեր բնակավայրերում՝ համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով շրջանակներում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին։
Մասնավորապես՝ տեղում ծանոթացան Քաջարան քաղաքի Տերյան 1, 2, 3, 4, Բաբիկավան համայնքի 1, 2, 3 հասցեներում, Խանջյան փողոցի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման և արդիականացման աշխատանքներին, այցելեցին Քաջարան քաղաքում նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ և տեղում ծանոթացան ընթացիկ շինաշխատանքների, ինչպես նաև հետևեցին Փուխրուտ բնակավայրի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։
 
Աշխատանքային այց կատարեցին նաև Գեղիի ջրամբար և տեղում ծանոթացան ջրամբարի վիճակին, նրա սեյսմակայունությանն և տարվող շինարարական աշխատանքների ընթացքին։
 
Շրջայցի ընթացքում հայտնաբերվեցին քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ։ Հայտնաբերված խախտումների հիմքով տեղում կապալառու կազմակերպություններին տրվեցին պարտադիր կատարման ցուցումներ՝ շտկելու հայտնաբերված բոլոր խախտումները։
Արձանագրված խախտումների հիմքով տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը Սյունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավարին տվեց հանձնարարական՝ բոլոր նշված պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները պահել ամենօրյա խիստ վերահսկողության տակ, ինչպես նաև առաջիկայում քննարկել խախտումներ թույլ տված կապալառու կազմակերպություններին լիցենզիայից զրկելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտե միջնորդություն ներկայացնելու հարցը։
 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական այցերը  մարզեր շարունակվելու են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել