armenpress.am: ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: ԱՄՆ Կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը:
Կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը 120 հազար արցախցիներին գրեթե երկու ամիս զրկել է կենսական անհրաժեշտության ապրանքներից:
«Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ստիպել Արցախի էթնիկ հայերին լքել իրենց հայրենիքը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձնում ապրելը: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար: Ես շարունակում եմ վարչակազմին կոչ անել անհապաղ միջոցներ ձեռնարկել այս արգելափակմանը վերջ դնելու համար», - ասել է կոնգրեսականը:
Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին:
«Մենք պետք է դադարեցնենք ամբողջ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ: Ես շարունակում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին», - եզրափակել է կոնգրեսական Քեթի Փորթերը:
comment.count (0)