Ալիևը ևս չի մասնակցի ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին |hetq.am|
15:25 - 25 դեկտեմբերի, 2024

Ալիևը ևս չի մասնակցի ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառը Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանումն է։

«Այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մեկնած նախագահ Իլհամ Ալիևին Ռուսաստանի օդային տարածքում գտնվելու ժամանակ զեկուցվել է տեղի ունեցած ավիավթարի մասին, և երկրի ղեկավարը հանձնարարել է անհապաղ վերադառնալ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը փոխանցում է, որ ինքնաթիռում Ադրբեջանի նախագահը համապատասխան պետական կառույցներին անհրաժեշտ հանձնարարականներ է տվել վթարի պատճառները հետաքննելու և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու համար:

 

Պաշտոնական Բաքուն նաև նշում է, որ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

«Բաքու վերադարձող ինքնաթիռից Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երկրի ղեկավարը հայտնել է, որ Բաքու-Գրոզնի երթուղով ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառով ինքը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, ու որոշում է կայացրել վերադառնալ Բաքու»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին Պուտինը իր ցավակցությունն է հայտնել զոհերի և վիրավորների հարազատներին։ 

Ավիավթարի մասին գրառում է արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ X-ի իր միկրոբլոգում վարչապետը գրել է, որ ցավակցում է Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ 

«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած այս ողբերգությունը խորը վիշտ է առաջացնում»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել