«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն
 |tert.am|
12:43 - 07 փետրվարի, 2023

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն |tert.am|

tert.am: «Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, բոլոր աշխաողները եկել են աշխատանքի, նորմալ աշխատում են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
Նա նշեց, որ վերացրել են տեսչական մարմնի կողմից հայտնաբերված բոլոր թերությունները։

«Էլեկտրականություննն ենք փոխել, շուրջ 2200 քմ առաստաղ ենք փոխել, խողովակները, որոնք չէին համապատասխանում նորմերին ևս փոխել ենք, մի խոսքով այն հինգ -վեց թերությունները, որոնք իրենք համարում էին ամենահրդեհավտանգը, վերացրել ենք։ Տեսչական մարմնի հանձնարարականները կատարելուց հետո՝ համաձայնության եկանք, որ պետք է աշխատենք, և փակելու որոշումը փոխեցին»,- ասաց տնօրենը։

Նա նաև հայտնեց, որ Տեսչական մարմնի կողմից նոր հանձնարարականներ կան, որոնք ընթացիկ կարվեն սահմանված ժամկետում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնելու մասին որոշում էր կայացվել։ ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնել էին, որ պատճառը տնտեսվարողի կողմից տեսչական մարմնի արձանագրած խախտումները չվերացնել է։ Ինչից հետո «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել տոնավաճառի տարածքում։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից ոմանք գնացել են ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ հանդիպման, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել