Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Աննա Հակոբյանը՝ ԳԴՀ նախագահի տիկնոջ հետ
16:25 - 03 մարտի, 2023

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Աննա Հակոբյանը՝ ԳԴՀ նախագահի տիկնոջ հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերի հետ:

Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ:

ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված ձևաչափով:

Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացմանը: Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների կառավարությունների ակտիվ փոխգործակցությունը:

ԳԴՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը և ընդգծել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումների կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի վերաբերյալ և նշել, որ ժողովրդավարությունը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:



Տիկին Աննա Հակոբյանը և Էլկե Բյուդենբենդերը կարևորել են պետությունների ղեկավարների տիկնանց ակտիվ գործունեությունը տարբեր ուղղություններով:

ԳԴՀ նախագահի տիկինը կարևորել է դուալ կրթության ոլորտի զարգացումն ու այդ ուղղությամբ կյանքի կոչվող ծրագրերը` մանրամասներ ներկայացնելով Գերմանիայում իրականացվող քայլերի վերաբերյալ:

Վարչապետի տիկինը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը ևս ծրագրեր է իրականացնում դուալ կրթության ոլորտում:

Ընդգծվել է կանանց կարևոր դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում:

Այս համատեքստում տիկին Հակոբյանն Էլկե Բյուդենբենդերին հրավիրել է այս տարի Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել