Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև
 |hetq.am|
14:20 - 09 մարտի, 2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։ APA գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ այդ երկրի առաջնորդը հանդես է եկել Բաքվի 10-րդ գլոբալ համաժողովում։ 

«Այն, ինչ անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման մասով, փաստացի ցույց է տալիս, որ չկա որևէ խոչընդոտ խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Ալիևը։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքին՝ Ալիևը պնդել է, թե, իբր, «Ադրբեջանը փորձել է Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։ «Հակամարտությունները կարելի է լուծել երկու ճանապարհով՝ խաղաղ և ոչ խաղաղ։ Մենք շատ էինք ձգտում Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, չնայած նրան, որ Ադրբեջանում հայկական բռնազավթման հետևանքով առաջացել է հումանիտար ճգնաժամ»,- ասել է Ալիևը։

Նրա պնդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ արցախյան հակամարտությունը մեկընդմիշտ սառեցված մնա։ «1992 թվականին՝ հակամարտության մեկնարկից անմիջապես հետո, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը։ Բայց, ցավոք, 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը չներկայացրեց, չհասավ որևէ արդյունքի։ Եվ բանակցային գործընթացի վերջում մեզ թվում էր, որ նրանք ուղղակի ցանկանում են սառեցնել իրավիճակը։ Նրանք ցանկանում էին, որ այդ հակամարտությունը սառեցվի մեկընդմիշտ։ Բայց մենք դրա հետ չհամաձայնեցինք։ Մենք արեցինք այն, ինչ ճիշտ համարեցինք՝ օգտագործելով ինքնապաշտպանության մեր իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Մենք ուժով ազատագրեցինք մեր տարածքները։ Դա մեր օրինական իրավունքն էր»,- նշել է Ալիևը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ 44-օրյա պատերազմը սկսել է հենց ադրբեջանական կողմը՝ երկրի բարձր ղեկավարության հրամանով։

Ալիևի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո իրենք հանդես են եկել խաղաղության բանակցությունների մեկնարկի նախաձեռնությամբ և ներկայացրել հինգ հայտնի սկզբունքները, որոնք կարող էին դառնալ, ըստ Ալիևի, Հայաստանի հետ խաղաղություն կնքելու հիմքը։ «Հուսանք, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են նպաստել այս հարցին, Հայաստանին կհամոզեն բաց չթողնել այս շանսը»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ «Հայաստանը կորցրել է իր շանսը՝ դառնալու անկախ երկիր»։ «Նրանք դարձել են ամբողջությամբ կախյալ, իր տեսակով մեկ այլ երկրի գաղութ, իսկ հիմա, միգուցե, և այլ երկրների։ Մեր դեմ ագրեսիայի պատճառով նրանք բաց են թողել իրենց շանսը՝ դառնալու անկախ և կառուցելու իրենց ապագան։ Հիմա նրանք շանս ունեն իրենց հարևանների համար դառնալու հարևան։ Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Մենք ևս մեկ պատերազմ չենք ցանկանում։ Եվ մենք կարծում ենք, որ կհասնենք խաղաղության»,- եզրափակել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել