tert.am: Քրեական միջավայր ստեղծելը, քրեական միջավայրում ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելը քրեականացնող օրինագծի վերաբերյալ որևէ սպառնալիք չեմ ստացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, թե քրեական ենթամշակույթի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ազդեցությունն ամենուրեք` բանակում, դպրոցներում, համալսարաններում, քրեակատարողական հիմնարկներում, բացասական լուրջ հետևանքներ է առաջացրել:
Հարցին` որաշակիություն կա՞, թե ինչպես են քրեական ենթամշակույթի խմբերին տարանջատելու, և այդ խմբերին հարելն ինչպե՞ս է որոշվելու, նախարարը զուգահեռներ ներկայացրեց Վրաստանի օրենսդրությունում առկա ձևակերպումների հետ:
«Վրացական օրինագիծը հայաստանյան օրինագծից տարբերվում է նրանով, որ Հայաստանում այս նախագծով ավելի շատ է երաշխավորված իրավական որոշակիությունը, շատ ավելի հստակ են ձևակերպումները` ի տարբերություն վրացական փորձի, և եթե վրացական փորձը ՄԻԵԴ-ում դիմացել է իրավական որոշակիության թեստին, ինչո՞ւ չպետք է դիմանա Հայաստանում»:
Հարցին ` վերջին 1.5-2 տարում «սխոդկաներ»` քրեական աշխարհի ներկայացուցիչների հավաքներ եղե ՞լ են, նախարարը պատասխանեց.
«Նախկին իշխանությունները կարող է չզլանային նույնիսկ հանդիպել, օրինակ` Ծաղկաձորում նստեին իրար հետ, քննարկեին տարբեր հարցեր, ջան ասեին, ջան լսեին: Բացառված է, որ ՀՀ-ում գործող պաշտոնատար անձանցից որևէ մեկը ներգրավված լինի որևէ կրիմինալ շրջանակի մեջ, և դա չնկատվի: Նախկին իշխանությունների օրոք, իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր էր»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, միևնույն է, մեծ առնչություն ունեն քրեակատարողական հիմնարկների հետ, և արդյո ՞ք օրինագիծը նրանց կարող է վախեցնել, Բադասյանը արձագանքեց, թե իր կարծիքով` պատժի անխուսափելիությունը ցանկացած անձի վախեցնում է:
«Այլ հարց է, թե իրենք ինչ ակնկալիքներ ունեն կամ իրենց ազդեցությունն օգտագործելով` ինչ կարգավիճակ կարող են ունենալ, և դա կարող է իրենց ավելի հարմար լինել, քան այլ դատապարտյալների, որը քրեակատարողական հիմնարկներում բացառվելու է»,-ասաց նա:
Նախարարն «օրենքով գողերի» անուններ չտվեց, բայց նշեց, թե իրավապահ համակարգերին հայտնի են Հայաստանում գործող բոլոր անունները:
Բադասյանը տեղեկացրեց նաև, որ օրինագծի վերաբերյալ ՔԿՀ-ներում որոշակի անհանգստություն կա, որոշակի առումով ստեղծում են նաև անհանգստության արհեստական մթնոլորտ, բայց իր համոզմամբ` դրանք բոլորը հաղթահարելի են:
comment.count (0)