ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը․ հույս ունենք, որ այդ գործառույթը կկատարի լիարժեք․ Փաշինյան
12:16 - 16 մարտի, 2023

ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը․ հույս ունենք, որ այդ գործառույթը կկատարի լիարժեք․ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ:

«Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում»,- նշեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ այս պնդումներն անհիմն են: Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանում ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել:

«Հետևաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն: Այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև դեկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի: Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել ԼՂ: Ադրբեջանի նախագահը հրաժարվեց»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունն արդարացված է։

«Բայց Պաշտպանության բանակը ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ: Այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- ասաց նա:

«ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունն ու ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի, և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ զորախմբի գործունեության վերաբերյալ։

«Պարզապես վերջին երկու տարվա իրադարձությունները, մասնավորապես Խծաբերդի ու Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու փորձերն անհանգստացնում են»,- հավելեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց ՌԴ խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել