«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերված խախտումների թիվը 51 է․ կենտրոնը դեռ փակ է |news.am|
13:34 - 21 մարտի, 2023

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերված խախտումների թիվը 51 է․ կենտրոնը դեռ փակ է |news.am|

news.am: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։ Այս մասին ասաց Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը՝ հավելելով, որ կենտրոնը դեռ չի վերաբացվել, քանի որ խախտումները չեն վերացվել։

«Երեկ այցելել ենք կենտրոն, տաղավարները փակ էին, աշխատանքներ էին իրականացվում խախտումները վերացնելու ուղղությամբ»,- նշեց Զոհրաբյանը։

Նշենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։

Հիշեցնենք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի 16 մարդ է զոհվել, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը՝ Վարդան Մանուկյանը, որն ազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առեւտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պահեստը շահագործող երեք անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու մեջ։

Կալանավորված է նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, սակայն այլ վարույթով։ Նա անցնում է երկու տարի առաջ առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած հրդեհի գործով։ Մադաթովան մեղադրվում է փաստաթուղթ կեղծելու եւ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել