armenpress.am: Հայաստանում նախատեսվում է հեռուստաալիքների համար սահմանել հերթականություն: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Այս պահի դրությամբ հեռուստաալիքների հերթականության հետ կապված որևէ կարգավորում չկա: Անկախ նրանից հեռուստացույց դիտում եք կաբելային որևէ օպերատորի միջոցով, թե հեռուստացույցի սովորական թվային ընդունիչով, կարգավորում չկա: Եվ շատ դեպքերում հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները տեղ չեն գտնում տասնյակում, և ոչ լիցենզավորված, այլ հեղինակազորված հեռուստաընկերություններ հայտնվում են կաբելային հեռուստաընկերությունների տասնյակում: Նախագծով սահմանվում է, որ այսուհետ անկախ նրանից՝ քաղաքացիները դիտում են կաբելայինով, թե հեռուստացույցի թվային ընդունիչով, բոլորի մոտ ալիքների հերթականությունը կլինի նա»,-ասաց Գաբրիելյանը:
Նախապատվությունը տրվելու է հանրային հեռարձակողներին, հետո նաև՝ հանրապետական սփռում ունեցողներին, մայրաքաղաքային սփռում ունեցողներին: Իսկ մարզային հեռուստաընկերություները կլինեն մայրաքաղաքային սփռում ունեցողներից հետո:
comment.count (0)