Սիսակ Գաբրիելյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում:

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2016թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2021թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:  

Մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին (2015թ.,Պրահա):

2014թ. հունվար-սեպտեմբեր՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող:

2014-2018թթ.՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018թ.՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ եւ վարող:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 5։ Նախագիծն ուղղված է ՀՀ օրհներգի նկատմամբ միասնական ստանդարտ հաստատելուն՝ հստակեցնելով տեքստը, երաժշտությունը, տևողությունն ու այլ մանրամասներ։ Հիմնական նպատակը օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ապահովելն է։  «Մենք պետք է հստակ իմանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ և ինչ նրբերանգներով»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախագիծը։  Նա ընդգծեց, որ տարբեր առիթներով օրհներգի տարբեր կատարումները հակասել են պաշտոնական տարբերակին։ Պատգամավորը նաև ընդգծեց, որ նախորդ տարիներին օրհներգի պաշտոնական տարբերակը հրապարակված չի եղել, ինչը խնդիրներ է առաջացրել միջոցառումների ընթացքում։ Գաբրիելյանը հավելեց, որ առաջարկվող փոփոխություններով օրհներգի տեքստն ու երաժշտությունը կլինեն հստակ և հաստատված՝ կանխելով ցանկացած շփոթություն։ Նախագծով նախատեսվում է օրհներգի տեքստում որոշ փոփոխություններ. օրհներգը կսկսվի և կավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ 
15:51 - 22 հունվարի, 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին

Իմ տպավորությամբ մենք ոչ պատշաճ ուշադրությամբ ենք մինչեւ այժմ վերաբերվել Հայաստանի Հանրապետության օրհներգին: Ըստ էության` դե յուրե անհասկանալի է եղել, թե որն է ՀՀ պաշտոնապես հաստատված օրհներգը. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի հերթական նիստում: «Մենք առաջարկում ենք, որ համապատասխան լիազոր մարմինը` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, օրենքն ընդունելուց հետո հրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները, այդ թվում` ե'ւ կարճ, ե'ւ վոկալային, ե'ւ գործիքային տարբերակները, եւ դա կլինի բացառապես ՀՀ պաշտոնական օրհներգը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով օրհներգի կարճ տարբերակի սահմանմանը, օրհներգի խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության դրույթներին: Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, ողջունելով առաջարկվող փոփոխությունները, կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ 2006 թվականին հաստատված տարբերակով օրհներգը հնչեցնելու պարտավորություն կա հանրակրթական դպրոցներում եւ բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաեւ նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատություններն այն տրամաբանությամբ, որ պետական քաղաքականությունը պետք է միասնական լինի բոլոր կրթական հաստատությունների պարագայում: Մտքերի փոխանակության ձեւաչափով պատգամավորներն անդրադարձել են օրհներգի կատարման խախտումներին վերաբերող դեպքերին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ չափազանց կարեւոր հարց է քննարկվում, սակայն նրա կարծիքով նախագիծը պատրաստ չէ ԱԺ լիագումար նիստում ներկայացման: Նա տեղեկացրել է, որ չեն մասնակցի նախագծի քվեարկությանը` առաջարկելով կազմակերպել աշխատանքային քննարկում եւ ամբողջացնել այն: Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
16:06 - 10 հունվարի, 2025
Սիսակ Գաբրիելյանի՝ անհուսալի վարկերի մարման մասին պնդումը առնվազն 43,600 անձի մասով ճիշտ չէ
 |fip.am|

Սիսակ Գաբրիելյանի՝ անհուսալի վարկերի մարման մասին պնդումը առնվազն 43,600 անձի մասով ճիշտ չէ |fip.am|

fip.am: Դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց: Աջակցության հիմնական նախապայմանն է. շահառուի վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով, կազմում են մինչև 1 մլն դրամ: Ծրագրին մասնակցելու համար քաղաքացին պետք է լինի կամ դառնա գրանցված աշխատող: Որպես աջակցություն՝ կառավարությունը նախատեսում է արդեն իսկ աշխատող և ծրագրին մասնակցայնություն ունենալու իրավունք ստանալու համար աշխատանքի անցած անձանց հնարավորություն տալ աշխատավարձից գոյացող ողջ եկամտահարկը մինչև 2 տարի ժամկետում ուղղել վարկի մարմանը: Որպես հավելյալ աջակցություն՝ նախատեսված է նաև վարկառուների՝ մինչև 80 տոկոսի չափով տույժ-տուգանքների մարում՝ բանկերի կողմից, ինչպես նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աշխատավարձից 20 տոկոսի գանձման սահմանաչափ: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է որոշման նախագծի (որոշումը ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում և զեկուցվող էր, 50-րդ հարց) մանրամասները, կառավարության քննարկումներն ու պարզել՝ պատգամավորի  տեսակետներն առնվազն մասամբ ճիշտ չեն: Եվ այսպես, կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն, ծրագրի թիրախային խումբը շուրջ 218.000 քաղաքացի է, որոնցից 43,600-ն ունի ֆորմալ զբաղվածություն: Որոշման նախագիծը ներկայացրած ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը նաև հաշվարկել է վերոնշյալ աշխատող անձանց վարկերի մարմանն  ուղղված եկամտահարկի մեկ տարվա հանրագումարը: Ստացվում է, որ արդեն իսկ աշխատող 43,600 անձանց 15 մլրդ 173 մլն դրամ  տարեկան եկամտահարկը պետբյուջե գնալու և հանրությանը ծառայեցվելու  փոխարեն պետք է ուղղվի սեփական անհուսալի վարկի մարմանը, ինչի արդյունքում այդ չափով կրճատվելու են պետբյուջե կատարվող մուտքերը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:49 - 14 դեկտեմբերի, 2024
Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ
 |1lurer.am|

Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ օրհներգի և օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ կկարգավորվեն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ հիշեցնելով, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, և որ այն շրջանառության է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից:   «Առաջարկվում է սահմանել օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար: Եթե գործող օրենքով պարտադիր է օրենքի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Նաև եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման [ժամանակ], ապա նախագծով այն պարտադիր է դառնում այդ ընթացքում տեղի ունեցող պաշտոնական իրադարձությունների ժամանակ: Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակը՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված 1 միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, կգործարկի իր ունեցած գործիքակազմը ՀՀ օրհներգի ստեղծումը և տարածումն ապահովելու համար»,- ասաց նախարարի տեղակալը: Նախատեսվում է նաև օրհներգի տեքստը վերադասավորել՝ ըստ պետական քաղաքականության տրամաբանության՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, ՀՀ դրոշը, պետականությունը, քաղաքացուն: «Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, և հետևաբար երկրորդ և երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ և չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով. Նայիր նրան երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փոփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան»,- նշեց Դանիելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ անձամբ է մասնակցել նախագծի ձևավորման քաղաքական մասին, քանի որ կարծում է՝ շատ կարևոր օրենսդրական նախագիծ է: Փաշինյանը նաև կարծում է, որ եթե փոփոխությունների արդյունքը չի հասնում ԴՆԹ մակարդակին, ապա փոփոխությունները տևական և ամբողջական, խորքային չեն կարող լինել: Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ Փաշինյանը նկատեց՝ ոչ մի բառ փոփոխության չի ենթարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածությանը փոփել:  «Բավականին երկար ժամանակ տվել եմ հանձնարարական, որ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և հասկանալիորեն որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- ասաց նա և ընդգծեց, որ պետք է լուծել նաև տեխնիկական պարամետրերի հարցը, օրհներգը պետք է ունենա ստանդարտ, այն է, թե ինչ տևողության է, ինչ արագության է և այլն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։
12:30 - 28 նոյեմբերի, 2024
Որևէ դիմում որևէ տեղ չեմ գրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու համար, չկա նման բան. Սիսակ Գաբրիելյան
 |tert.am|

Որևէ դիմում որևէ տեղ չեմ գրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու համար, չկա նման բան. Սիսակ Գաբրիելյան |tert.am|

tert.am: Ոչ, չկա նման բան, ձեզանից եմ լսում արդեն մեկ շաբաթից ավելի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք որևէ դժգոհություն ունի Անդրանիկ Քոչարյանից: Գաբրիելյանը վստահեցրեց՝ որևէ տեղ չի դիմել Պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար: «Ես որևէ դիմոմ որևէ տեղ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչությանը, խմբակցությանը, առանձին պատգամավորների, նույնիսկ ինքս ինձ նման բան չեմ գրել: Չկա նման նամակ, որ ես առաջարկել եմ պարոն Քոչարյանին կամ որևէ մեկ այլ անձի պաշտոնից հեռացնել»,- շեշտեց նա: Պատգամավորը նշեց, որ եթե մամուլը թերթենք կտեսնենք, որ մեկ ամիս առաջ էլ ուրիշ անձի մասին էին գրում, պարբերաբար փոխվում է: «Մեկ ամիս առաջ պարոն Աղազարյանի թեման էր, արդյոք պարոն Աղազարյանը վայր կդնի մանդատը կամ պարոն Քյարամյանը հրաժարական կտա, այդ թեման անցավ, հիմա անցել են պարոն Քոչարյանին»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանի վարքը հնարավո՞ր է քննարկվի, նա պատասխանեց. «Ես որքանով տեղյակ եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտնել է, որ կա կարգավարական վարույթ լսումների մասով: Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ խմբակցությունում քննադատություն չկա, ես խմբակցության անունից չեմ կարող խոսել, որովհետև խմաբկցության նիստը տեղի չի ունեցել: Ես դժգոհություն չունեմ «Քաղաքացիական պայմանագրի» որևէ պատգամավորից, որովհետև դժգոհ լինել  որևէ պատգամավորից, կնշանակի դժգոհ լինել ինքս ինձնից»:
12:39 - 05 նոյեմբերի, 2024
2025-ին հաստատման կներկայացվի «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը

2025-ին հաստատման կներկայացվի «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը: ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 236 մլրդ 772 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 125 մլրդ 855 մլն դրամ: Ընդհանուր ծախսերն ընթացիկ տարվա ծախսերից ավելի կլինեն 16 մլրդ 151 մլն դրամով կամ 4.7 տոկոսով: Ընդհանուր ծախսերը կավելանան 8.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 2.3 տոկոսով: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ իրականում կապիտալ ծախսերի նվազում տեղի չի ունենալու, քանի որ 2024 թվականի համար նախատեսված գումարները հավանաբար  ամբողջությամբ չեն ծախսվելու: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է գալիք տարվա համար նախատեսված ծրագրերն ու անելիքները` նշելով, որ տարեցտարի ավելանում են ԿԳՄՍ-ին հատկացվող գումարները: Կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներն ուղղվելու են մի քանի խոշոր ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես` հանրապետությունում շարունակվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի իրականացումը: Այժմ ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցումը, հիմնանորոգումը և վերանորոգումը: Դրանցից 183-ը նոր կառուցվելիք դպրոցներ են: Արդեն աշխատանքներն ավարտվել են 35 դպրոցում: «500 մանկապարտեզների ծրագրով բոլորովին վերջերս Կառավարությունը հաստատեց ծրագրում ընդգրկված 364 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցից 157-ում արդեն աշխատանքներն ավարտվել են: 14.500 երեխաների մասին ենք խոսում, որոնք արդեն  նոր պայմաններում նախադպրոցական հաստատություն են հաճախում: 207-ը դեռևս ընթացքում են, որոնց շահառու երեխաների թիվը շուրջ 20.800 է: Առաջիկայում նույնպես այստեղ աշխատանքները կավարտվեն, ինչպես ծրագրված է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հայտնել է, որ կան բնակավայրեր, որոնցում դեռևս չկան նախադպրոցական ծառայություններ մատուցող հաստատություններ: Այդ բնակավայրերը քարտեզագրվել և դասակարգվել  են, իրականացվում են որոշակի քայլեր` լուծելու համար այդ խնդիրը: «Կարևոր եմ համարում ընդգծել, որ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները հագեցվում են անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա հավելել է, որ հանրապետության դպրոցները հագեցվում են նաև ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Նախարարը տեղեկություններ է հայտնել նաև «Ակադեմիական քաղաք» խոշորածավալ ծրագրի ընթացքի վերաբերյալ` նշելով, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում այդ մասով առանձին բյուջետային  ծրագիր է նախատեսված:  Նշվել է, որ գալիք տարում մեծ թափով շարունակվելու է ծրագրի իրականացումը: 2024 թվականին ավարտվել է «Ակադեմիական քաղաքի»  հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, իսկ  2025 թվականին հաստատման է ներկայացվելու «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը` տեղական օրենսդրությանը համապատասխան: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ մեկնարկել են քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի և տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները` միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով: Հիմնական զեկուցողը մանրամասներ է ներկայացրել գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման, կրթամշակութային ծրագրերի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերի տպագրությանը, ներառական կրթությանը, ուսումնական հաստատություններում սեռական ոտնձգության դեպքերին, երեխաների հոգևոր կրթությանը, «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը, թանգարաններ այցելություններին, կապիտալ ծախսերին, դպրոցաշինությանը, փակված դպրոցներին և տվել պարզաբանումներ։
13:49 - 29 հոկտեմբերի, 2024
ՔՊ-ն ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությունը

ՔՊ-ն ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությունը

Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Ավետ Պողոսյանը խոսել է կառույցի մասին՝ նշելով, որ լրահոսի զգալի հատվածը կարգավորման մասից դուրս է: Նա կարեւորել է ոլորտի օրենսդրական կարգավորման հարցը, նշել, որ օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ավելի հաճախակի, փոքր քանակով՝ ելնելով պրակտիկայից: Նա նշել է, որ ինքը սկզբունքային է խոսքի ազատության հարցում եւ որպես հանձնաժողովի անկախ անդամ լինելու է օբյեկտիվ, պահպանելու է քաղաքական չեզոքությունը: «Վստահ եմ, որ իմ աշխատանքի արդյունքում խոսքի ազատությունն ավելի լավ վիճակում կլինի»,- ընդգծել է թեկնածուն: Ավետ Պողոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Ավետ Պողոսյանի թեկնածությունը:
16:57 - 17 հոկտեմբերի, 2024
ԱԺ-ում առաջարկում են կանոնակարգել ՀԿ-ներին փոխանցված հանրային նշանակության շենք-շինությունների և տարածքների օտարման գործընթացը |armenpress.am|

ԱԺ-ում առաջարկում են կանոնակարգել ՀԿ-ներին փոխանցված հանրային նշանակության շենք-շինությունների և տարածքների օտարման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում առաջարկում են կանոնակարգել պետության կողմից հասարակական կազմակերպություններին փոխանցված շենք-շինությունների և տարածքների օտարման գործընթացը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։  Նրա խոսքով՝ վերջին շրջանում ավելի նկատելի է դառնում, որ այս կամ այն հանրային նշանակության գույքերը՝ մարզադաշտեր, պետական այլ կառույցներ, անցել են իրավաբանական անձանց սեփականության տիրույթ։ Ըստ Գաբրիելյանի՝ Հայաստանի անկախացումից հետո հանրային նշանակության գույքերի՝ մարզադաշտերի, պետական այլ կառույցների մեծ մասն այս կամ այն ճանապարհով արդեն իսկ օտարված են, և այդ շենք-շինությունների փոխարեն կառուցված են այլ շենք շինություններ։  «Ավելի քան 27 հազար կտոր գույքի մասին է խոսք գնացել, որ անկախությունից հետո մինչև մեր օրերը մասնավորեցվել են։ Որոշ դեպքերում այդ հասարակական կազմակերպությունները գործել են ընդամենը թղթի վրա, և նրանց թիկունքում կամ իրական շահառուները եղել են բարձրաստիճան պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները։ Օրինակ՝ բոլորովին վերջերս պարզեցինք, որ «Սպարտակ» մարզադաշտն է օտարվել։ Այս գույքը նույնպես, մեր կարծիքով, հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն։ Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության սեփականության մասին օրենք է ընդունվել, որտեղ հստակ նշվում է, որ Խորհրդային Միության ժամանակ գործող բոլոր հասարակական կազմակերպությունների գույքը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականություն»,- ասաց նա։   Պատգամավորն առաջարկում է Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով որոշակիորեն կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը։ Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԽՍՀ-ի ժամանակաշրջանում գործող հասարակական կազմակերպություններին պատկանող գույքերի օտարման դեպքում պետք է անցկացվեն հասարակական լսումներ և հաշվի առնվի համայնքի կարծիքը։  «Ուսումնասիրում ենք մինչև 1947 թվականի փաստաթղթերը։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ մենք կարծում ենք, որ պետության սեփականությունը մեր գնահատմամբ ոչ իրավաչափ եղանակով է անցում կատարել իրավաբանական անձանց, գրավոր դիմում ենք գլխավոր դատախազությանը։ Եվ գլխավոր դատախազությունն այս պահին արդեն 2-3 դեպքերով նաև ունի պետական շահերի մասով հայցեր դատարաններում, որպեսզի այդ գույքը կրկին անցնի Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո։ Որևէ մեկից որևէ սեփականության իրավունք խլելու հարց չկա, որևէ մեկը չի պատրաստվում այդ մշակութային կամ մարզական շենք-շինությունները պետականացնել և հետո վաճառել այլ մասնավոր անձանց։ Ավելին, մենք այս ընթացքում մի շարք կազմակերպություններից ստացել ենք գրավոր դիմումներ ու նաև հեռախոսազանգեր, որոնք ողջունել են այս նախագիծը։ Եվ իրենք էլ են կարծում, որ, այո, իրենց գործունեությունը պետք է լինի հանրօգուտ։ Մասնավորապես, նույն Նկարիչների միությունն այս նախագիծը դրական է ընդունել, և իրենք էլ են կարծում, որ Նկարիչների միության շենքը պետք է ծառայի բացառապես նկարիչների համար և որևէ դեպքում չի կարող օտարվել»,- ասաց Գաբրիելյանը։ Տարընթերցումներից խուսափելու նպատակով Սիսակ Գաբրիելյանը   ևս մեկ անգամ շեշտել է, որ նախաձեռնությունը  որևէ մեկից սեփականության իրավունք խլելու և այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում: Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1198895
13:55 - 03 սեպտեմբերի, 2024
«Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում. ԱԺ-ն ընդունեց այս և մի շարք այլ նախագծեր
 |1lurer.am|

«Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում. ԱԺ-ն ընդունեց այս և մի շարք այլ նախագծեր |1lurer.am|

1lurer.am: Մայիսի 2-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստին քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր Կառավարության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն փոփոխություններ կլինեն խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում: Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Օրակարգում են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդումը, 2023-ի ընթացքում ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վերջինս ապրիլի 30-ին օրակարգից հանվել էր ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանի առողջական խնդիրների պատճառով:
11:43 - 02 մայիսի, 2024
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը եւ Կնյազ Հասանովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն ամրագրված է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում: Կողմերը երկու երկրների գործադիր մարմինների միջեւ շփումներից բացի կարեւորել են օրենսդիրների միջեւ սերտ համագործակցությունը, որը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է: Ընդգծվել է տարբեր ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես` երկու խորհրդարանների համանման հանձնաժողովների միջեւ փոխգործակցության սերտացումը: Այս համատեքստում կարեւորվել է կրթական բարեփոխումների հարցում լավագույն փորձի փոխանակումը, պատգամավորների մշտական շփումները, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը: Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հանրակրթության, բարձրագույն եւ մասնագիտական կրթության ու գիտության ոլորտներում, երիտասարդության եւ դպրոցաշինության հարցերում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Վրացի գործընկերներին ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Քննարկվել են նաեւ ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման եւ հավաստագրման գործընթացների շրջանակում երկու երկրներում իրականացվող քայլերը: Հանդիպման ավարտին Սիսակ Գաբրիելյանը եւ Գիվի Միքանաձեն երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության համատեղ հայտարարություն (կոմյունիկե) են ստորագրել: Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը եւ համագործակցելու նոր հնարավորություններ կընձեռի:
15:45 - 28 մարտի, 2024
«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար |aravot.am|

«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին․ «Ի վերջո կասե՞ք՝ «Ֆլայ Արնան» ի՞նչ եղավ, փակվեց, չփակվեց, լիցենզիան ավարտվե՞ց, թե՞ չավարտվեց։ Եվ արդյոք վերլուծություն ունե՞ք, թե ինչն է պատճառը, որ այդ ավիաընկերությունն այլեւս չի գործում»։ Փոխնախարարն ասաց․ «Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է։ Մեր օրենսդրության եւ կարգերի համաձայն՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչեւ վեց ամիս ժամկետով կասեցվում է, մինչեւ համապատասխան օդանավ ներգրավելը» Նրա խոսքով՝ եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի։ «Հարցն ուսումնասիրվում է, եւ ավելի հստակ տեղեկատվություն լինելու պարագայում, մենք կտեղեկացնենք ձեզ։ Գլխավոր խնդիրը ֆինանսական է, ֆինանսական պատճառներով է»։ «Կխնդրեմ, եթե այդ վերլուծությունը լինի, հնարավորինս հրապարակային լինի, որ հանրությունն էլ տեսնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընկերությունը հիմնվել էր, այդ թվում՝ մեր քաղաքացիների գումարներով»- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
11:12 - 19 մարտի, 2024
Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան

 |aravot.am|

Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան |aravot.am|

aravot.am: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Գոյ» թատրոնի վերաբերյալ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին՝ ասելով, որ դերասանական կազմի հետ հանդիպում են ունեցել ու հակասություն է տեսնում նրանց խոսքերի եւ նախարարի հայտարարած նպատակների հետ կապված: Նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ վերակազմակերպում են իրականացնում. «Գոյ» թատրոնը իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ եւ ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյանի անվան թատրոնի հովանու ներքո: Սա այն պարզ ճշմարտությունն է, որ մենք փորձում ենք փոխանցել եւ անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չի: Որեւէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք 2 ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում: Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները, եւ այդ իմաստով՝ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար: Այս պահին ունենում ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր եւ ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետեւ Սունդուկյանի անվան թատրոնի բեմերը եւ տարածքները շատ ավելի են, կարծում եմ, դերասանական կազմն ու ռեժիսորը կարող են նոր մտահղացումներ ունենալ: Սա պիտի բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության եւ զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»: Սիսակ Գաբրիելյանը ճշտեց՝ այսինքն, երբ ասում են՝ մենք ունենք լավ ներկայացումներ, խաղացանկ կարելի՞ է ասել, որ շարունակելու են այդ խաղացանկը նախարարության կողմից ֆինանսավորվել ու ստեղծագործական առումով չեն տուժելու, նաեւ լրացուցիչ Սունդուկյանի անվան թատրոնի բեմն էլ կարող է տրամադրվել իրենց՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այո. «Ցենզուրայի մասին խոսելը անմտություն է ու այստեղ որեւէ կերպ չի կարող նման բան լինել: Խաղացանկի հետ կապված նախարարությունը ընդհանրապես որեւէ որոշում չի կայացնում որեւէ թատրոնում»:
17:56 - 17 հունվարի, 2024
Հայաստանում «NETFLIX»-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանում «NETFLIX»-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: «Ինչպես և ակնկալում էի, Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար: Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր: Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը: Հիշեցնեմ. սահմանված նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները: ՀԳ. Ըստ մասնագետների` լոկացիոն առումով մեր երկիրը բավականին հարմար է ֆիլմարտադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կարելի է և ձյունոտ սարեր ունենալ, և շոգից հալվող ասֆալտ, և գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, և լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ»,- գրել է նա: Ավելի վաղ հայտի էր դարձել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ օֆ Ար» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
10:37 - 19 դեկտեմբերի, 2023
«Գովազդի գումարներն անարդարացի են բաշխվել, հեռուստաընկերությունները հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները». Սիսակ Գաբրիելյան |aravot.am|

«Գովազդի գումարներն անարդարացի են բաշխվել, հեռուստաընկերությունները հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները». Սիսակ Գաբրիելյան |aravot.am|

aravot.am: 68 պատգամավորով այսօր մեկնարկեց ԱԺ քառօրյան: Օրակարգին «դեմ» քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր: ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կարգավորում մտցնել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերի հետ կապված. «Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից: Այդ կազմակերպությունը տվել է ռեյտինգներ եւ միջազգային գովազդատուները հենվել են այդ տվյալների վրա: Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ հեռուստաընկերություններն իրենք միանան ու ստեղծեն խորհուրդ, այդ խորհուրդը կընտրի այն կազմակերպությանը, որը չափումներ կիրականացնի, իրենք վերահսկողություն կունենան: Եթե մի հեռուստաընկերություն չի ուզում, որ տվյալ կազմակերպությունը իրենց մասով չափումներ անի, իրենց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակի: Չափող կազմակերպությունը այդ տվյալները անվճար պետք է տա ՀՌՀ-ին»: Սիսակ Գաբրիելյանը համոզված է, որ նախագիծը նաեւ գովազդատուներին է պաշտպանելու, որովհետեւ այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ գումար են վճարել իրենց գովազդի համար, հաշվի առնելով, որ մի քանի հեռուստաընկերություններ հրապարակել էին միջազգային աուդիտը, չափիչ տվյալները, ըստ էության չեն համապատասխանել: Գովազդային գումարները շատ անարդարացի են բաշխվել, իսկ հեռուստաընկերությունները շատ լավ հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:37 - 24 հոկտեմբերի, 2023
Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց
 |armenpress.am|

Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների  ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Լիցենզավորման մասին օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։ Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը օրենքով կոչվելու են կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ։  «Բառն էլ հուշում է, որ դրանք կենցաղային օգտագործման համար են, այսինքն, դրանք առավել փոքր ծավալի ազդեցություն ունեցող հրագործական արտադրատեսակներն են, որոնք ծննդյան տորթերի վրա դրվող փոքրիկ հրավառություններն են։ Իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի հրավառությունները դրսում կիրառվող հրավառություններն են։ Սրանք էլ օրենքով սհամանվում են որպես տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակներ»,- մանրամասնեց Գաբրիելյանը։ Նա նշեց, որ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների դեպքում լիցենզավորում է տրվում միայն ներմուծման և պահեստավորման մասով, որոշակի պայմաններ են սահմանվում դրանց պահման պայմանների, հակահրդեհային իրավիճակի հետ կապված։ Իսկ տեխնիկական հրավառությունների դեպքում ընդհանրապես ներմուծումն արգելվելու է՝ բացառությամբ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։ «Այս մի բացառությունը թողնվել է նրա համար, որ երկրում գոնե հրավառություն լինի, բայց, եթե լինում է, գոնե իմանանք, որ պետական կամ համայնքային նշանակության միջոցառում է»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ Նա հստակեցրեց, որ պետական կամ համայնքային մարմինը, որը ցանկանում է որևէ միջոցառման համար հրավառություն կազմակերպել, կարող է դիմել լիազոր մարմնին, որը տվյալ դեպքում Ներքին գործերի նախարարությունն է, որից հետո ստանում է համապատասխան թույլտվություն, որի հիման վրա էլ կիրականացվի գնման մրցույթ։ Գաբրիելյանի խոսքով՝ օրենքով սահմանվող պայմանների խախտման դեպքում մեծ տուգանքներ են սահմանվել։ Առաջին խախտման դեպքում տուգանքը կկազմի 1-2 միլիոն դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 3 միլիոն դրամ։ Օրենքով նաև սահմանվում է, որ թեթև հրավառ նյութերի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվում է ։ Գաբրիելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ նյութերը 16 տարին չլրացած անձանց վաճառելու արգելք չկար։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 6 ամսից։
14:30 - 13 հուլիսի, 2023
«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին
 |aravot.am|

«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հնչեցրել էր հարցը, որ համայնքապետերն ու վարչական շրջանների ղեկավարները «Հայաքվե»-ի ստորագրահավաքի համար տարածքներ չեն հատկացնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչն է խանգարում, այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ, էլ ինչո՞ւ եք ըտենց պտտում, 50 հազար, հետո 300 հազար ստորագրություն։ «Հայաքվեն» ձեզ չի վստահում, թե՞ դուք «Հայաքվեին» չեք վստահում։ Այսօր դուք՝ որպես Արծվիկ Մինասյան, կարող եք այդ նախագիծը 5 րոպեում դնել շրջանառության մեջ։ Եթե դա լավ բան է, բերեք դրեք շրջանառության մեջ։ Այստեղ խնդիր եմ տեսնում՝ կամ դուք իրենց չեք վստահում, կամ իրենք ձեզ։ Դուք առնվազն 4 անգամ ավելի ձայն եք ստացել, քան այդ 50 հազար ստորագրությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելեց․ «Բայց իրոք, պարոն Մինասյան, էդ մարդիկ ինչու են չարչարվում։ Դրեք շրջանառության մեջ, այդքան մարդիկ կազատվեն չարչարանքից»։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասաց․ «Ես տեղյակ չէի ու փորձեցի գուգլի որոնողական կայքի միջոցով հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Այնքան չնչին էր դրա լուսաբանումը, որ կարեւորությունը, որ միգուցե ձեզ համար ինչ-որ կարեւոր պրոցես էր, բայց ոնց հասկացա՝ 66 քաղաքացի է ստորագրել այդ թուղթը։ Եվ ինձ համար տարօրինակ է, թե ինչու ձեր միջոցով, այսինքն՝ քաղաքական կուսակցության միջոցով առաջ չի տարվում որեւէ օրենսդրական նախաձեռնություն, որը կկարողանանք քննարկել եւ առարկայական հասկանալ, թե ինչի մասին է խնդիրը»։  Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ինձ հակադարձում եք, ասում եք՝ ի՞նչն է խանգարում, որ դուք ներկայացնեք։ Այդ նույն տրամաբանությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կառավարությունն է ներկայացնում, այդ նույն հակադարձումը պետք է ձեզ անե՞նք։ Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ դուք չեք ներկայացնում։ Միգուցե քաղաքացիները նախաձեռնել են, որպեսզի կարողանան ավելի համընդհանուր, ավելի հանրային քննարկմա՞ն հրավիրել։ Ավելի ճիշտ չէ՞ մտածել ինչպես հաղթահարել այս խոչընդոտները, այլ ոչ թե փորձել մութ սենյակում սեւ գույնի կատու փնտրել, մանավանդ որ սեւ կատու չկա այնտեղ»։ Սիսակ Գաբրիելյանը նաեւ հարցրեց Արծվիկ Մինասյանին․ «Ո՞ւր են ձեր Սյունիքի համայնքապետերը, տեղ տվե՞լ են ստորագրահավաքի համար, թող իրենք տեղ տան»։
14:21 - 26 հունիսի, 2023