Երեւանի նախկին քաղաքապետ, Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նա նշեց, որ համաձայն վարույթի նյութերի՝ պետությանը և համայնքին պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 327 մլն դրամ, խոսքը 27 անշարժ գույքի վաճառքի, կամ նվիրատվության, կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման մասին է։
Հիշեցնենք՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2004-2010 թթ. ընթացքում 27 անշարժ գույք (2 մլրդ 327 մլն ՀՀ դրամ արժողությամբ) իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ։
«Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Կենտրոն համայնքին պատկանող ավելի քան 233 մլն ՀՀ դրամի շուկայական արժեք ունեցող թիվ 140 մանկապարտեզի տարածքը փաստացի իրենը դարձնելու նպատակով, համայնքի ավագանու նիստի օրակարգում ներառել է այդ մանկապարտեզի վերակազմակերպման հարցը՝ ավագանու անդամներից թաքցնելով նշված անշարժ գույքը հետագայում իրենը դարձնելու մտադրությունը:
Նույն կերպ Գ. Բ.-ի հետ փոխկապակցված անձանց օտարվել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող ավելի քան 2 մլրդ դրամի՝ մնացած 26 անշարժ գույքը, մի դեպքում՝ ուղղակի վաճառքի, մյուս դեպքում՝ նվիրատվության կամ ձևական աճուրդի եղանակով: Նախաքննության ընթացքում Գ. Բ.-ի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա», - հայտնել են Հակակոռուպցիոմ կոմիտեից։
comment.count (0)