«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան |armenpress.am|
16:10 - 22 մարտի, 2023

«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին և օրեր առաջ դիմել է գործընկերներին, ընկերներին,  հանդիսատեսին՝ նշելով, որ թատրոնն աջակցության կարիք ունի:

«Այս միաձուլումը հավասարազոր է փակման, որովհետև շատ հարգելով Սունդուկյան թատրոնի ստեղծագործական կազմը՝ ոչ մեկս չենք պատրաստվում իջնել ներքև։ Մեր վերաբերմունքը խնդրին շատ վատ է, շատ ջղային»,–ասել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արթուր Սահակյանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասում է՝ ամբողջ խնդիրը գալիս է այն մեծ դեմագոգիայից, որ այսօր հանրային քննարկումներում կա: «Ասվում է, որ «Գոյ» թատրոնը փակվում է, լուծարվում է:  Եթե թատրոն ասելով հասկանում ենք իրավակազմակերպական վիճակը՝ տնօրենը, հաշվապահը, պետական գնումների մասնագետը, իրավաբանը, այսինքն՝ վարչական հատվածը, ապա այո՛, «Գոյ» թատրոնը փակվում է, իսկ եթե, թատրոն ասելով, հասկանում ենք ստեղծագործական ծրագրերը, ստեղծագործական կազմն ու բովանդակությունը, ապա «Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ»,-հավաստիացնում է Խզմալյանը:

Ըստ նրա՝ թատրոնն ունի թերացումներ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների մեջ, չունի ռեսուրսներ՝ լուսաձայնային տեխնիկա և այլն, թերանում է հյուրախաղային գործունեության մեջ:  «Ես չեմ ցանկանում՝ մեր և մեր ենթակայությամբ գործող  կառույցի միջև քննարկումները, որոնք անկեղծ մթնոլորտում են անցել,  և կոլեկտիվի բոլոր անդամներն ընդունել են այն ամենը, ինչն ասել եմ, հանրայնացնել, չեմ ուզում՝ մեր զրույցը դառնա հանդիսատեսի քննարկման առարկա, չեմ ուզում վարկաբեկել մեր ենթակայությամբ գործող թատրոնը, բայց… Մենք թատրոնի ներկայացուցիչներին ասում ենք, որ Մայր թատրոնի տանիքի ներքո նրանք  հնարավորություն են ունենում օգտվելու այդ մեծ կառույցի եկամուտներից, ֆինանսական, գույքային ու ստեղծագործական ներուժից»,-շեշտում է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ «Գոյ»-ն այսօր ունի մեկ բեմ, սակայն, Մայր թատրոնին միանալով, կունենա Black Box հարթակն անհատույց շահագործելու հնարավորություն, կկարողանա աշխատել թատրոնի մեծ բեմում, կարող է թատրոնի ձմեռային այգում աշխատել: Խզմալյանը հիշեցնում է, որ «Գոյ»-ը փորձարարական թատրոն-լաբորատորիա է և իրավունք չունի կառչած մնալ միևնույն տարածքից, քանի որ նույն տարածքում հնարավոր չէ մշտապես լինել փորձարարական:

Փոխնախարարն առաջարկում է Սունդուկյանի անվան թատրոնի սեփական եկամուտները, որոնք գեներացվել են, ուղղել «Գոյ»-ի դահլիճի բարեկարգմանը, լուսաձայնային տեխնիկայի վերազինմանը, հյուրախաղային գործունեության ընդլայնմանը, թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից ռեժիսորներ հրավիրելուն, որոնք, ըստ Խզմալյանի, գիտեն, թե ինչ է  ճշմարիտ փորձարարությունը:

«Որևէ մեկը տարածք վերցնելու, խումբը ցրելու նպատակ բացարձակապես չունի»,-շեշտում է նա:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցնում է, որ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում վեց կոլեկտիվ է աշխատում՝ տարբեր երգացանկերով ու նվագացանկերով: «Վա՞տ են աշխատում: Այդ տարբեր կոլեկտիվները մի կառավարման ներքո հաշտ ու համերաշխ աշխատում են, իսկ չե՞նք կարող նույնն ունենալ նաև թատերական ասպարեզում: Որտե՞ղ է գրված, որ ամեն  ստեղծագործական  բովանդակություն պետք է ունենա առանձին տնօրեն: Ինչո՞ւ, ո՞վ կարող  է բացատրել, թե ինչով  է դա նպաստում ստեղծագործական աշխատանքին: Սեփական տնօրեն, սեփական հաշվապահ ունենալու մոլուցքը հիվանդագին մոտեցում է: Ստեղծագործող մարդուն պետք է  հետաքրքրի՝ ով է իր ռեժիսորը, ով է բեմանկարիչը, ով է  կոմպոզիտորը, ոչ թե, թե ովքեր են տնօրենն ու հաշվապահը»,-նշում է նա:

Խզմալյանը բերում է Ռուսաստանի օրինակն ու ասում, որ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում խոշորացման լուրջ գործընթացներ են իրականացվում. յուրաքանչյուր տարի մի քանի թատերախումբ միավորվում է: Խզմալյանի խոսքով՝ 1680-ին ստեղծված «Կոմեդի ֆրանսեզ»-ը Լուվրի տարածքում ունի փորձարարական հարթակ, իսկ Մայր թատրոնը, որը 100 տարեկան է և որի ենթակառուցվածքում է փորձարարական թատրոնը, չի՞ կարող նման հարթակ ունենալ:

«Գաղափարը հետևյալն է. մենք ունենք ազգային թատրոն, որն ունի մեկ կառավարող մարմին՝ տնօրեն, վարչական հատված և այլն, և այս տանիքի ներքո կարող են գոյություն ունենալ տարբեր թատերախմբեր: Մենք ինչո՞ւ ենք խառնում  իրավակազմակերպական, վարչական  հատվածը բովանդակային հատվածի հետ: Չէ՞ որ մենք ունենք դրա վառ օրինակը. Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ստեղծեցինք ու տարբեր խմբեր միավորեցինք մեկ կառավարման ներքո: Սա անում ենք նրա համար, որ ավելորդ հաստիքներն ուղղենք ոլորտի ստեղծագործական կարիքներին: Նման խնայողությունների շնորհիվ կարողացանք մատերի վրա հաշված երգեհոնահարների ապահովել աշխատանքով, ամենամսյա կայուն աշխատավարձով ու  պահպանել երգեհոնահարների դպրոցը: Նման  հազար բաց ունենք»,-ասում է  Խզմալյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել