Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվել. նրանց գործով դատը կկայանա այսօր |tert.am|
06:14 - 20 նոյեմբերի, 2019

Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվել. նրանց գործով դատը կկայանա այսօր |tert.am|

tert.am: Թբիլիսիում նոյեմբերի 18-ին անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր 37 անձինք ազատ են արձակվել: Նրանցից մի քանիսի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր՝ նոյեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել անհնազանդության և խուլիգանության հոդվածներով:

Վեց մեղադրյալի գործով դատական լսումները կսկսվեն այսօր՝ ժամը 13:00-ին, իսկ որոշումը հնարավոր է կայացվի ավելի ուշ:

Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել