Մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի Միութենական պետության արևմտյան սահմաններին․ Բելառուսում ՌԴ դեսպան |shantnews.am|
10:24 - 03 ապրիլի, 2023

Մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի Միութենական պետության արևմտյան սահմաններին․ Բելառուսում ՌԴ դեսպան |shantnews.am|

shantnews.am: Բելառուսում մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի Միութենական պետության արևմտյան սահմաններին, СТВ հեռուստաալիքի եթերում ասել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դիվանագետը հիշեցրել է, որ մինչև հուլիսի 1-ը, ըստ Վլադիմիր Պուտինի, երկիրը կնախապատրաստի այս տեսակի զենքի պահեստարան։

«Այն (միջուկային զենքը.- խմբ.) կտեղափոխվի մեր Միութենական պետության արևմտյան սահմաններ և կմեծացնի մեր անվտանգությունն ապահովելու հնարավորությունը»,- ընդգծել է Գրիզլովը։

Նա նաև նշել է, որ Արևմուտքում այս հարցի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում, և համոզմունք է հայտնել, որ դա լավ է: Դեսպանի խոսքով՝ օտար երկրները վերջապես սկսել են ուշադրություն դարձնել որոշակի պարիտետի անհրաժեշտությանը։

«Եթե մենք խոսում ենք եվրոպական երկրներում (Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Թուրքիա) ամերիկյան միջուկային զենքի տեղակայման մասին, ապա մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որոնք կբարձրացնեն մեր Միութենական պետության անվտանգությունը»,- ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ ասել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղադրել։ Նրա խոսքով, հուլիսի 1-ին կավարտվի հանրապետության տարածքում այս տեսակի զինատեսակների պահեստավորման շինարարությունը։ Նախագահն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խախտի միջազգային պարտավորությունները և կանի նույնը, ինչ անում է ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ՝ տեղակայելով իր մարտավարական միջուկային զենքը Եվրոպայում։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արևմուտքի արձագանքը չի ազդի Մոսկվայի ծրագրերի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել