GRECO-ն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում
 |aravot.am|
15:29 - 03 ապրիլի, 2023

GRECO-ն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում |aravot.am|

aravot.am: Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների եվրոպական խումբն (GRECO) այսօր հրապարակել է զեկույց Հայաստանի մասին, որում գնահատվում է երկրի առաջընթացը խորհրդարանի, դատավորների և դատախազների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման Գնահատման չորրորդ փուլի զեկույցում արված առաջարկությունների իրականացման հարցում:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի կողմից որոշ քայլեր են ձեռնարկվել չկատարված առաջարկություններն իրականացնելու համար։ 2015թ. տրված 18 հանձնարարականներից 9-ը իրականացվել են բավարար չափով կամ դրանց նկատմամբ բավարար մոտեցում է ցուցաբերվել:

Մյուս 9 առաջարկությունները մասամբ են իրականացվել: Առաջարկություններից մեկը, որն այժմ համարվում է բավարար կերպով իրականացված, համեմատած 2021 թ. համապատասխանության վերջին զեկույցի հետ, վերաբերում է բոլոր դատախազների համար էթիկայի ու վարքագծի և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ պարտադիր դասընթացին, ինչպես նաև դատախազության շրջանակներում գաղտնի խորհրդատվության տրամադրմանը:

GRECO-ն նաև եզրակացրել է, որ խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների նկատմամբ կիրառվող ունեցվածքի հայտարարագրման կանոնների արդյունավետ վերահսկման և կիրարկման վերաբերյալ հանձնարարականի վերաբերյալ բավարար կերպով արձագանք է եղել: GRECO-ն նշում է, որ Հայաստանի կողմից առաջարկություններին համապատասխանության ներկայիս մակարդակն այլևս «ընդհանուր առմամբ անբավարար» չէ, ինչպես որ 2019 թ. եզրակացության մեջ էր:

GRECO-ն հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրում է ամենաուշը մինչև 2024թ. մարտի 31-ը ներկայացնել հաշվետվություն չստացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել