Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը |hetq.am|
09:56 - 22 նոյեմբերի, 2019

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու` նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Գործով դատական նիստ է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բուն գործով դատական նիստի օրը՝ նոյեմբերի 26-ին:

Տեղեկությունը  հաստատեցին դատարանի աշխատակազմից:

Գրավի վերաբերյալ միջնորդությունը Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում` հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել:

ՍԴ-ն հոկտեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ գրավի կիրառումը՝ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, հակասում է անձի ազատության` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքին:

Ըստ ՍԴ դիրքորոշման՝ ազատության իրավունքին հակասող է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ վայր մեկնելու համար:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո, ըստ էության, գրավը կարող է զսպել ոչ միայն մեղադրյալի թաքնվելու, այլ նաև գործի քննությանը նրա խոչընդոտելու ռիսկը, և սա հիմք է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնելու համար:

Դատարանը, քննելով այս հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը, այն մերժել էր: Որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել