ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները
09:46 - 02 ապրիլի, 2020

ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի բացման խոսքը COVID-19-ի վերաբերյալ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք մտնում ենք կորոնավիրուսի պանդեմիայի 4-րդ ամիս, ու ես շատ մտահոգված եմ վարակի նոր դեպքերի ավելի ու ավելի արագ աճող  թվերով և համաշխարհային տարածվածությամբ։ 

Վերջին 5 շաբաթվա ընթացքում մենք ականատեսը եղանք, թե ինչքան կտրուկ է աճել նոր դեպքերի թիվն ու ինչպես վարակը ներթափանցեց աշխարհի գրեթե բոլոր երկրներ։ 
Անցած շաբաթվա ընթացքում մահացածների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Մոտակա օրերին մենք կունենանք մեկ միլիոն հաստատված դեպք ու 50 000 մահ։ 

Շատ երկրներում իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ տանը ու նվազեցնում են մարդկանց տեղաշարժը, ինչը կարող է օգնել կանխել վիրուսի տարածումը, սակայն կարող է ունենալ նաև հետևանքներ ամենաաղքատ ու խոցելի մարդկանց կյանքի վրա։ 
Կոչ ենք անում կառավարություններին ձեռնարկել սոցիալական միջոցներ, որոնք կերաշխավորեն, որ ճգնաժամի ժամանակ մարդկանց խոցելի խմբերն ապահովված են սննդով և կենսական անհրաժեշտության այլ իրերով։ 

Շատ զարգացող երկրների համար այս սոցիալական փաթեթների իրականացումը դժվար կլինի։ Ու այս երկրների համար պարտքերի մեղմացումն ունի կենսական նշանակություն, որպեսզի նրանք կարողանան իրականացնել այս ծրագրերը։ 

Ուստի ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները։ 
3 ամիս առաջ մենք գրեթե ոչինչ չգիտեինք վիրուսի մասին։ Համատեղ ջանքերով մենք հավաքեցինք գիտելիքների մեծ պաշար, ու ամեն օր մենք իմանում ենք ավելին։ 

ԱՀԿ-ն մշակում է իր ուղեցույցները՝ հիմնվելով ամբողջ աշխարհից ամեն օր ստացվող տեղեկատվության վրա։ Ամեն օր մեր աշխատակիցները զրուցում են աշխարհի փորձագետների ու մասնագետների հետ՝ հավաքելու ու մշակելու նոր տեղեկություններ ու փաստեր։  

Մենք նաև հավաքում ենք տեղեկություններ, թե որ բուժումը, որ դեղամիջոցներն են արդյունավետ կորոնավիրուսի բուժման համար։ Աշխարհի մասնագետներն աննախադեպ արձագանքեցին մեր՝ Միասնական փորձարկումների կոչին, որի նպատակն է համեմատել 4 դեղամիջոցների ու դեղամիջոցների համակցության ազդեցությունը։ 

Այս պահի դրությամբ ավելի քան 200 հիվանդ մասնակցում է այս ծրագրին։ Յուրաքանչյուր նոր հիվանդ, ով միանում է այս փորձարկումներին, մեկ քայլով մեզ մոտեցնում է այն հարցի պատասխանին, թե որ դեղամիջոցն է արդյունավետ։
Պանդեմիայի ի հայտ գալուն զուգահեռ ի հայտ են գալիս նաև նոր փաստեր»։

Թարգմանությունը Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել