Ակտիվների վերադարձը անցումային արդարադատության գործիք է․Աննա Վարդապետյան
07:55 - 24 մայիսի, 2019

Ակտիվների վերադարձը անցումային արդարադատության գործիք է․Աննա Վարդապետյան

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկեցին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները, որի ժամանակ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը ելույթ ունեցավ ու հարցրեց․ 

«Նախ ուրախ եմ, որ հենց ձեզ եմ էստեղ տեսնում։ Իհարկե կուզենայի, որ էն ամբողջ աշխատանքն ու մշակումները, որ իրականացրել եք նաև դուք էս պահին լիազորված լինեիք դրա փակագծերը բացելու, բայց քննարկումները իհարկե օգտակար կլինեն վերջնական որոշման գալու։

Իմ հարցը ուղերձին է վերաբերում։ Տեսե՛ք, մենք երբ որ էստեղ խոսում ենք, դա ուղերձներ է իր մեջ պարունակում և հանրային տրամադրություններ է փոփոխում։ Մի հայտարարություն եղել էր առանց դատավճռի բռնագանձման մասին, երեք ամիս դրա հետ կապված աղմուկ բարձրացավ, հիմա էստեղ մեկնաբանում եք, որ դա անցումային արդարադատության կոմպոնենտ չէ։

Իմ հարցը հետևյալն է՝ ընդհանուր առմամբ, որպես փորձագետ առավել ևս, որ հիմա կաշկանդված չեք կառավարության դիրքորոշումը հայտնելով, մենք ինչպիսի ուղերձ պիտի տանք, որ անցումային արդարադատությունը ապօրինի կուտակված ունեցվածքին վերաբերվելու է առավել մե՞ղմ, քան այն ամենին, ինչ դուք ասում եք, որ անցումային արդարադատության կոմպոնենտ չէ, թե՞ էդտեղ ընդհանրապես անցումային արդարադատություն չի իրականացվելու և հենց էդ կոշտ մեխանիզմներն են գործելու»։

 Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ երկու տարբեր ինստիտուտի մասին է խոսքը։
Ապա հավելեց․

«Էլի ձեր թույլտվությամբ ես անգլերեն տերմինաբանություն օգտագործեմ, որովհետև հայերեն թարգմանությունների արդյունքում է, որ առաջանում է խնդիրը` asset recovering /ակտիվների վերադարձը/ - անցումային արդարադատության գործիքակազմ է, որը ունի իր իրականացման մեխանիզմները, civil forfeiture /ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումը/, որը իր հիմքով հայց է գույքի դեմ, Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս 2005 թվականից սկսած ստանձնած միջազգային պարտավորություն է։ 

Սա չի նշանակում, որ սրանք ինչ֊որ մրցակցության մեջ են, մեկը ավելի խիստ ա, մեկը ավելի թույլ, սրանք ուղղակի տարբեր ինստիտուտներ են։ Առանց մեղադրական դատավճռի բռնագանձում և այլն, այս տերմինները որոշակի շփոթ են մտցնում, դա է պատճառը, որ տերմինաբանական առումով ես ինքս ելույթ ունենալիս և խոսելիս շատ հստակ եմ աշխատում լինել, որովհետև տերմինները նոր են մեր հասարակության և իրավաբանության համար և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս, ոնց որ հենց հիմա, փաստորեն, տեղի ունեցավ մեր ելույթի արդյունքում։

Ուզում եմ նորից հստակեցնել՝ asset recovering /ակտիվների վերադարձը/ անցումային արդարադատության գործիք է, civil forfeiture-ը /ապօրինի ճանապարհով ձեռքբերված գույքի բռնագանձումը, որը գույքի դեմ հայց է իր էությամբ ՀՀ֊ի կողմից դեռևս 2005 թվականին ստանձնած միջազգային պարտավորության կատարումն է, որի քաղաքական կամքն այսօր կա։ Այս հստակեցումը խնդրում եմ ունենալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել