Այդ մարդկանց պետք է ասել շնորհակալություն, բայց ցտեսություն, ՀՀ հասարակությունը ձեր ծառայությունների կարիքը չունի․ Դանիել Իոաննիսյան
14:22 - 24 մայիսի, 2019

Այդ մարդկանց պետք է ասել շնորհակալություն, բայց ցտեսություն, ՀՀ հասարակությունը ձեր ծառայությունների կարիքը չունի․ Դանիել Իոաննիսյան

Ես անցումային արդարադատության բաղադրիչ եմ դիտարկում նաև մարտի մեկի զոհերի կոմպենսացիայի նախագիծը։ Այսինքն՝ տարբեր գործիքակազմներով պետք է հասնել նրան, որ անարդարությունների հետևանքները եթե չվերացվեն, շատ պարագաներում դրանք վերաբացման ենթակա չեն, գոնե նվազագույնի հասցվեն այդ հետևանքները։ Այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ԱԺ-ում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Որևիցէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տասնամայկաներ շարունակ գրեթե չի եղել արդարադատության համակարգ։ Այսինքն՝ շատ և շատ հարցերում մարդիկ չէին կարող հասնել արդարության դատական համակարգի միջոցով։ Թերևս պետական գաղտիք չեմ բացահայտում։ Հիմա, երբ ի վերջո կա քաղաքական կամք վերականգնել այդ անարդարությունները, այս հնարավորությունը պետք չէ բաց թողնել, և պետք է վերականգնել այդ անարդարությունների հետևանքները՝ գոնե հնարավարությունների սահմաններում»,- ասաց նա։

Իոաննիսյանը նշեց՝ ինչ վերաբերում է նրան՝ ինչպես կազմակերպել անցումը դեպի նորմալ արդարդատական համակարգի, որպեսզի հետագայում նման խնդիրներ չլինեն, պետք է հասկանալ, որ դրա գործիքների մեջ է մտնում վեթթինգը։ «Այսինքն՝ ինչ-որ առումով պետք է ազատվել այն անձնանցից, ովքեր խնդրահարույց են։ Երկարաժամկետ բարեփոխումներ պետք է լինեն դատական համակարգի, իրավապահ մարմինների, այնպիսի բարեփոխումներ, որոնք հետագայում կգործեն ցանկացած իշխանությունների պարագայում, քանի որ ցանկացած երկիր ունենում է թե՛ լավ, թե՛ վատ իշխանություն։ Անգամ ամենավատ իշխանությունների պարագայում մենք չունենանք այն պատկերը, որն ունեցել ենք նախկինում»,- ասաց նա։

«Ես կարծում եմ, որ մարդիկ ովքեր չհիմնավորված հարստացել են, մարդիկ ովքեր նախկինում պատվերով գործեր են կատարել, մարդիկ, ովքեր նախկինում քաղաքական հետապնդում են իրականացրել, այդ մարդիկ չպետք է կարողանան հրապարակել վճիռներ հանուն ՀՀ, և այդ մարդիկ չպետք է կարողանան ծառայել ՀՀ-ին և ծառայել իշխանության տարբեր ճյուղերում»,- նշեց Դանիել Իոաննիսյանը՝ ավելացնելով՝ այդ բոլոր մարդկանց նվազագույնը պետք է ասել շնորհակալություն, բայց ցտեսություն, ՀՀ հասարակությունը ձեր ծառայությունների կարիքը չունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել