Անհրաժեշտ է կիրառել անցումային դրույթներ նաև կրթական համակարգում․ Վահրամ Սողոմոնյան
11:48 - 24 մայիսի, 2019

Անհրաժեշտ է կիրառել անցումային դրույթներ նաև կրթական համակարգում․ Վահրամ Սողոմոնյան

«Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանի ելույթը Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Գաղտնիք չէ, որ մինչև 2018 թվականը քրեաօլիգարխիկ փոխհարաբերությունները թափանցել են մեր պետության գրեթե բոլոր օղակները։ Ցավոք դրանց շարքին են պատկանում նաև դպրոցները և բուհերը, որոնք զերծ չեն մնացել ընտրությունների կեղծմամբ և այլ գործընթացներից։

Եթե դատավորները կայացնում են անօրինական որոշումներ, ապա անառողջ կրթական համակարգը ձևավորում է արժեքային հիմքը այդ ապօրինությունների։ Հատկապես կարևոր է դպրոցների տնօրենների դերը։

Առանց կրթական համակարգի առողջացման, բովանդակային և արժեքային վերափոխման , կոռուպցիոն և շահերի բախման խնդիրների հաղթահարման մեր հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները դատապարտված են ձախողման։ Տնօրեններից ոմանք կարողացել են դիմակայել կոռուպցիոն սխեմաների մասը դառնալուն, որոնք սեփական նախաձեռնությամբ կամ սեփական կամքին հակառակ մասնակցել են այդ անօրինական գործարքներին։

ԿՔՆ փորձից մենք գիտենք, որ դպրոցների և սովորողների հիմնական պահանջը  սովորելն է։ Շատ ուսուցիչներ չեն պատկերացնում, թե հատկապես ինչ է փոխվել հեղափոխությունից հետո։ Շատ տնօրեններ իրենք են հրաժարական ներկայացնում, տնօրեններից շատերը այժմ երկրորդ շանս են փնտրում։

Այդ երկրորդ շանսը պետք է տալ նրանց, սակայն հստակ խստացված չափանիշներով։ Միաժամանակ կան մարդիկ, ովքեր անհամատեղելի են մասնակցային ժողովրդավարական և բազմակարծության սկզբունքներով առաջնորդվող դպրոցների տեսլականի հետ։

Անհրաժեշտ է կիրառել անցումային դրույթներ նաև կրթական համակարգում։ Այդ գործընթացը կարող է տեղի ունենալ նաև դպրոցի խորհուրդներում։ Բայց ժողովրդավարությունը առանց ժողովրդավարների հնարավոր չի։ Կոռումպացված ծանոթ-բարեկամական ցանցերին ազատ ընտրության հնարավորություն տալը կարող է շրջել ռֆորմների ամբողջ գործընթացը հակառակ ուղղությամբ։

Անհրաժեշտ է հայտարարել անցումային մեկնարկային իրադրություն և անկախ հանգամանքից, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում են ընտրվել տնօրենները, նրանք պետք է անցնեն վերաատեստավորման անցումային փուլը։ Սա նպատակ չունի պատժել որևէ մեկին։ Նպատակ ունի գնահատական տալ անցյալին և գնալ դեպի ապագա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել