Ավտոբուս արտադրող «ՄԱԶ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով
11:18 - 04 հուլիսի, 2019

Ավտոբուս արտադրող «ՄԱԶ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «ՄԱԶ»-ի (Մինսկի ավտոմոբիլային գործարան) ավտոտեխնիկայի ԱՊՀ երկրների վաճառքի ղեկավար Սերգեյ Պապկովիչի հետ:

Հակիրճ ներկայացնելով Երևանի տրանսպորտային համակարգի խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ փաթեթն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկայում: Նաև հավելել է, որ համակարգն ամբողջությամբ փոխվելու է, և ծրագրի իրականացման համար քաղաքապետարանին անհրաժեշտ են լինելու տարբեր տեղատարողությամբ նոր ավտուբուսներ:

Սերգեյ Պապկովիչն իր հերթին ընդգծել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով: Խոսելով ընկերության գործունեության մասին՝ նշվել է, որ շուրջ 75 տարվա պատմություն ունեցող «ՄԱԶ»-ն այսօր զբաղվում է տարբեր մեքենաների, այդ թվում 8, 12 և 18 մետր երկարությամբ ուղևորատար ավտոբուսների արտադրությամբ, որոնք լայն պահանջարկ ունեն եվրոպական մի շարք երկրներում և ԱՊՀ տարածքում: Ավտոբուսները հնարավորություն ունեն աշխատելու ինչպես հեղուկ գազով, այնպես էլ դիզելային վառելիքով:

Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ դաշտն ուսումնասիրելու նպատակով պարբերաբար հանդիպումներ են լինում ավտոբուս արտադրող տարբեր ընկերությունների հետ, քննարկվում են ավտոբուսների հետագա սպասարկման և երաշխիքների հետ կապված մանրամասներ:

Հրաչյա Սարգսյանը նշել է, որ քաղաքապետարանը բաց է փոխգործակցության համար և սպասում է Երևանի համար առանձին առաջարկների: Նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների ձեռքբերման համար կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ընկերությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել