civilnet.am: Հայաստանի վճարած գումարի դիմաց ռուսական կողմը որևէ զենք դեռ չի մատակարարել։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
Հարցին՝ հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենք ստանալու, Սարգսյանը պատասխանեց. «Հույս միշտ կա»։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով․ «Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը։
«Ցավոք, նրանք (Ադրբեջանը՝ խմբ.) որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
comment.count (0)