Արդեն մի քանի տարի ՀՀ-ում դաբաղ չի արձանագրվել, ինչը ժամանակին պատվաստելու և խստագույն վերահսկողության արդյունք է. ՍԱՏՄ ղեկավար
12:57 - 14 օգոստոսի, 2019

Արդեն մի քանի տարի ՀՀ-ում դաբաղ չի արձանագրվել, ինչը ժամանակին պատվաստելու և խստագույն վերահսկողության արդյունք է. ՍԱՏՄ ղեկավար

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին և նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բօուդա Վոսուղ Ահմադիին: 

Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման և այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը տեղեկացրել է, որ գնահատված կարիքների և առաջնահերթությունների հիման վրա նախատեսվում է անցկացնել ևս մեկ ծրագիր` ընդգրկելով նաև արագ արձագանքման կարողությունների և լաբորատոր հնարավորությունների զարգացման բաղադրիչները:

Գեորգի Ավետիսյանը, ողջունելով Եվրոպական այս հեղինակավոր կառույցի Հայաստանում ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի երկրում դաբաղ չի արձանագրվել, ինչը գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ ժամանակին պատվաստելու և դրա ընթացքի խստագույն վերահսկողության արդյունք է:

«Կենդանիների առողջության պահպանումը, հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության ու հսկողության կենտրոնում է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կբերի լավագույն արդյունքի»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Նա վստահեցրել է, որ նախատեսվող ծրագրի հաջող իրականացման համար ոլորտը վերահսկող մարմնի կողմից կլինի գործուն աջակցություն:

 

ՍԱՏՄ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել