Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ
07:57 - 24 ապրիլի, 2019

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 23-ին ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո:

Ինչպես հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից, այցը առաջին օրը Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ, երկրի իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Խոսե Մուխիկայի հետ։

Զրույցի ընթացքում ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել նախագահ Մուխիկայի և Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։

Ներկայացնելով Արցախի պետականաշինության գործընթացը, Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։
Նախագահ Մուխիկայի խնդրանքով ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի անդամ, Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել