ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
20:29 - 28 նոյեմբերի, 2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծել են տեղահանված արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը:

Երկուստեք կարևորվել են Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման համար գործադրվող ջանքերը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ:

Արա Այվազյանը և Մասիս Մայիլյանը կարևորել են միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի պաշտպանության միջոցով: Այս ուղղությամբ ընդգծվել է երկու գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Արցախի ԱԳ նախարարն էլ հայտնում է, թե հանդիպման ընթացքում նշել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ երաշխավորելու իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել