Արցախի նախագահների դիմումի քննարկումը «դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»
14:23 - 08 մայիսի, 2019

Արցախի նախագահների դիմումի քննարկումը «դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ:

«ՀՀ գլխավոր դատախազությունում 2019 թվականի մայիսի 7-ին ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել