Դեսպան Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հնությունների նախարարի հետ
08:10 - 15 ապրիլի, 2019

Դեսպան Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հնությունների նախարարի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀ հնությունների նախարար Խալեդ Ալ Անանիին (Khaked Al Anani)։

Հանդիպման սկզբում նախարար Ալ Անանին շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Խալեդ Ալ Անանին նշել է, որ 2018թ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին գլխավորել է եգիպտական պատվիրակությունը և ջերմությամբ է հիշում Հայաստանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը և Եգիպտոսը, հանդիսանալով որպես հնագույն քաղաքակրթություններ, մեծ ներուժ ունեն հնեագիտության ոլորտում համագործակցության համար և դրա վառ ապացույցն է հանդիսանում այն, որ ներկայումս Լուքսորում Ամենհոտեփ երրորդի տաճարի պեղումային աշխատանքներին են մասնակցում հայազգի և Հայաստանից ժամանած հնեաբաններ։

Որպես համագործակցության համար հեռանկարային ուղղություն՝ դեսպան Գրիգորյանը առանձնացրել է նաև հին ձեռագրերի և փաստաթղթերի վերականգնման, խնամման ոլորտը և այս համատեքստում ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գործունեությունը և հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում Հին Եգիպտոսի դարաշրջանի թանգարանային նմուշների ցուցադրման հնարավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել