Ես այսօր էլ կոչ կանեմ դատավորներին, որպեսզի իրենք հանրությանը ապացուցեն, թե որտեղից այդ գումարները և կարողությունները․ Կարեն Զադոյան
09:19 - 24 մայիսի, 2019

Ես այսօր էլ կոչ կանեմ դատավորներին, որպեսզի իրենք հանրությանը ապացուցեն, թե որտեղից այդ գումարները և կարողությունները․ Կարեն Զադոյան

Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը անդրադառնալով անցումային արդարադատության գործիքներից մեկին՝ ատհոք դատարանների ստեղծմանը, նշեց․

«Խոսքը միջազգային մասնակցությամբ ստեղծված ատհոք դատարանների մասին է, սակայն մենք ասում ենք, որ ՀՀ-ում այն պետք է բացառվի, որովհետև մեր պետականության օրենսդրությամբ, սահմանադրությամբ, այլ լուծումներով դա հնարավոր է անել»,- ասաց նա։

Նրան ուղղված հարց հնչեց նաև վեթինգն իրականացնող հանձնաժողովի անդամների որակավորման մասին, թե ինչպիսի որակավորում պետք է ունենան, որպեսզի նրանց անկախությունը կասկածներ չհարուցի։ Ինչպես նաև դատավորների ֆինանսական դրությունը և նրանց կասկածելի կապերը ինչպե՞ս պետք է ստուգվեն։

«Ես կարծում եմ, որ վեթինգն իրականացնող մարմնի անդամները նույն չափանիշներով պետք է ընտրվեն, ինչ չափանիշներով վեթինգն է իրականացվում։ Այսինքն՝ բարեվարքության չափանիշները՝ մասնագիտական էթիկա, հաշվետվողականություն, այդ թվում ֆինանսական, հակակոռուպցիոն վարքագիծ, կապեր։

Այդ ամեն ինչը պետք է ստուգվի։ Մենք ունենք հայտարարգրման ինստիտուտ, մեր դատավորները իրենք իրենց հայտարարագրերը ներկայացնում են պաշտոնը ստանձնելու պահից։ Այդ պահից պետք է ստուգվի, որ նրանց հնարավորություն ընձեռնվի ապացուցել դրա օրինականությունը։ Ես այսօր էլ կոչ կանեմ դատավորներին, որպեսզի իրենք հանրությանը ապացուցեն, թե որտեղից այդ գումարները և կարողությունները։

Դա ստուգելու համար հանձնաժողովը պետք է ունենա գործիքակազմեր։ Օրինակ Ալբանիայում դա իրականացվում է նաև ազգային անվտանգության մարմինների օգնությամբ։ Ճիշտ է, գործադիրը տեղեկություններ է ստանում ֆինանսների մասին, բայց, միևնույնն է, հանձնաժողովը անկախ է և վերջնական որոշումը հանձնաժողովն է կայացնելու»,-պատասխանեց Կարեն Զադոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել