Երեւանի քաղաքապետարանը մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերում է աջակցություն
22:32 - 17 ապրիլի, 2020

Երեւանի քաղաքապետարանը մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերում է աջակցություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Քննարկվել են համայնքում շինարարական աղբի և կոշտ թափոնների կառավարմանը, ապօրինի շինարարության դեմ պայքարին, փողոցների բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում համայնքային բուժհաստատությունների աշխատանքների կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։

Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել արտակարգ դրության պայմաններում համայնքի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող քաղաքապետի տեղակալները:

Զեկուցվել է, որ համայնքային բոլոր կառույցները նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով որոշ փոփոխություններ են մտցրել աշխատանքների կազմակերպման մեջ՝ շարունակելով իրենց պարտականությունները: Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներից առցանց ստացվող դիմումները, բողոքներն ու հարցումները, որպեսզի դրանց նախատեսված ժամկետում տրվեն պատասխաններ:

Այս օրերին որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ապօրինի շինարարությունները անմիջապես կասեցնել:

Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն:
Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլոր ստորաբաժանումներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել