ermenihaber.am: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի վերլուծաբան Էմին Փազարջըն հերթական հոդվածով թիրախավորել է Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչատանն ու մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանի քաղաքապետարանին:

Պատճառն այն է, որ որոշ ժամանակ առաջ «Արաս»-ի ու Չանքայայի քաղաքապետարանի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված ղեկավարության համագործակցությամբ տեղի է ունեցել գրքերի ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են նաև Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Փազարջըն գրում է, որ «Հայոց ցեղասպանության պնդումներն ու ստերը» իրենց գլխին իսկական փորձանք են դարձել, և այս թեմայով բոլոր արտաքին դերակատարները, այդ թվում իրենց դաշնակիցը համարվող ԱՄՆ-ն հարձակվում են Թուրքիայի վրա: Ապա հեղինակը, մատնացույց անելով Չանքայայի քաղաքապետարանի անցկացրած «Չանքայայի գրքի համաժողով-2» անունով ցուցահանդեսը, գրում է, որ ԺՀԿ-ական քաղաքապետարանն էլ այդ թեմայով իրենց հարվածում է թիկունքից:

Հեղինակը գրում է, որ ցուցահանդեսի ժամանակ հրամցնում են ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի «ստերը», որոնց դեմ իրենք տարիներ շարունակ պայքարում են:

«Այնտեղ ցուցադրվել, ներկայացվել ու վաճառվել են «Արաս» հրատարալչության գրքերը, որը հայկական կազմակերպություն է: Դրանց մեջ կա 158 թուրքերեն և 60 հայերեն գիրք»,-գրել է ցեղասպանությունը ժխտող հեղինակը՝ այդ գրքերից առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսահայ հեղինակ Միշել Մարիանի «Հայոց ցեղասպանություն» գրքի վրա:

Փազարջըն գրում է, որ հասցրել է ծանոթանալ միայն Մարիանի գրքի հետ, բայց չի կասկածում, որ ցուցահանդեսի մյուս գրքերն էլ նույն տրամաբանության մեջ պետք է լինեն, քանի որ «Արաս հրատարակչության առաքելությունը դա է»:

Իշխանամետ թերթի հեղինակը նաև նշում է, որ սա առաջին դեպքը չէ: Հիշեցնում է, որ 2015-ին էլ Չանքայայի Ժամանակակից արվեստների թանգարանում կրկին ԺՀԿ-ական քաղաքապետարանի հովանավորությամբ մի ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ ներակայացվել էին Ցոլակ և Արամ Դիլդիլյանների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարները: Փազարջըն նշում է, որ այդ ցուցահանդեսի բացումն արել էր անձամբ ընդդիմադիր ԺՀԿ-ի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն: