aysor.am: Ժամը 17:00-ի արտահերթ նիստի մասին ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին տեղեկացրել են 17:05-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ԱԺ նիստի ավարտից հետո բոլորս գնում ենք մեր գործերով, կոնկրետ ես եկել եմ տուն և 17:05-ին Գևորգ Գորգիսյանին է զանգել աշխատակազմի ղեկավարը և տեղեկացրել, որ ժամը 17:00-ին արտահերթ նիստ է։ Ամեն ինչ ունի սահմաններ, կարծում եմ, և սա իրականում բոլոր սահմաններն է ացնում։

ԱԺ-ն ունի նախագահ, փոխխոսնակներ, ղեկավարություն։ Օրինակ՝ Լիլիթ Մակունցը, և օրինակ՝ ԱԺ ղեկավարությունը, ժամը 16:00-ին գիտեին չէ՞, որ նիստ է լինելու, կարո՞ղ էին մեզ տեղեկացնել, որ գնայինք նիստին, կարծում եմ՝ կարող էին։

Այսինքն՝ նիստ են հրավիրում մարդիկ ու նիստից հինգ րոպե հետո զանգում են ընդդիմությանն ու ասում, որ արտահերթ նիստ կա։ Նախորդ արտահերթ նիսերի դեպքում, որոնք գումարվել են երկոյան ժամերին, ինձ զանգել է Արարատ Միրզոյանը, սա է ձևը», - ասաց Մարուքյանն՝ ավելացնելով.

«Դուք ծածուկ նիստ եք հրավիրում և 17:05-ին տեղեկացնում, որ պատգամավորները չհասցնեն գան ու ելութ ունենան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք»։

Նա ընդգծեց՝ աշխատակազմում իրենց օգնականները լրագրողներից են տեղեկացել նիստի սկզբից հինգը րոպե առաջ, ինչի պարագայում անհնար է խմբակցությունը հավաքել։

Մարուքյանն ընդգծեց, որ նախագիծը կապ չունի կորանվիրուսի հետ, այն մտահոգիչ է ու ԼՀԿ մտահոգություններն այդպես էլ չեն փարատվել, դրա համար էլ դեմ են քվեարկել։

«Աշխարհում կա պրակտիկա, երբ խորհրդարանը մի բան մերժում է, իշխանությունը դա երկրորդ անգամ չպետք է բերի։ Հիմա ունենք իրավիճակ, երբ խորհրդարանը մերժել է, կառավարությունը նորից բերել է, որ զոռբայությամբ անցնի», - ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը չէր ընդունվել։ Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը, իսկ իմքայլական պատգամավորների ձայները՝ 65 ձայն, բավարար չէին նախագծի ընդունման համար։

Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցումից հետո ԱԺ-ն գումարեց ևս մեկ արտահերթ նիստ նույն նախագիծը քննարկելու համար, որի արդյունքում նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ նիստին ներկա միայն իշխանական պատգամավորների ձայներով։ Նախագծի երկրորդ ընթերցումը կլինի այսօր ժամը 21:30-ին։