Հանրային հ/ը-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ Արայիկ Հարությունյան
13:02 - 18 մարտի, 2020

Հանրային հ/ը-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ Արայիկ Հարությունյան

Քանի որ արտակարգ դրության ժամանակ դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման, խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիի Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ փաստելով, որ բուհական համակարգի առումով կարողացել են լուծումներ գտնել՝ բարձրագույն ուսումնասկան հաստատությունների հետ համագործակցությամբ եւ խորհրդակցությունների արդյունքում՝ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով։

Նախարարը վստահեցրեց, որ բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու։ Առաջիկայում մոնիտորինգ կանեն, կհասկանան այդ գործընթացի ամբողջականությունը։

Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ Հարությունյանն այստեղ մենք մեծ ոգեւորություն է տեսնում․ առանց նախարարության միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար․

«Ես ողջունում եմ կազմակերպիչներին, եւ ասում, որ մենք միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք։ Աշխարհում, հատկապես վերջին շաբաթներին, երբ մոտավորպես 800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, շատ վճարովի հարթակներ բացվել են, անվճար են դարձել, մենք նույնպես պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մենք կոչ ենք անում, որպեսզի ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որպեսզի մենք այս պիլոտի հարցում հաջողություն ունենանք։ Սա լրացուցիչ հնարավորություն է, մենք այս սահմանափակումը պետք է դիտենք որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար»։

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել են https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու են ե՛ւ ծրագրերի մշակման, ե՛ւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում են, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն բավարար հմտություններ՝ այս համակարգերը կիրառելու։

Բացի այս՝ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել են դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․

«Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը»,- ասաց նախարարը։

Նա հայտնեց, որ եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են հեռավար կրթության անցնելու պատրաստակամության եւ պատասխանատվության մասին․ «Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք»։

ԿԳՄՍ նախարարը նկատեց՝ եթե տեսնեն, որ հեռավար կրթությունն ամբողջական է, ըստ դրա կարող են եզրակացություն անել եւ ասել, թե արդյոք լրացուցիչ դասերի եւ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կունենա՞ն․

«Այնպես պետք է անենք, որ եթե հետաձգումներ լինեն, քիչ լինեն։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք զորահավաքային գործընթացին, սերտ պետք է համագործակցենք ՊՆ-ի հետ»։

Առաջիկայում նաեւ պատրաստվում են մարզպետարանների հետ ակտիվ աշխատել եւ սկսել դպրոցների ախտահանումը, որպեսզի երբ արտակարգ իրավիճակը ավարտվի, դպրոցները լիարժեք պատրաստ լինեն կրթական գործընթացին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել