«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների պատրաստի նախագիծ չկա |lragir.am|
06:03 - 20 դեկտեմբերի, 2019

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների պատրաստի նախագիծ չկա |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ։

Պարոն Հովհաննիսյան, Դուք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի մշակման աշխատանքային խմբի անդամ եք։ Արդեն իսկ քննադատություն է հնչում, որ այս օրինագիծը շրջանառության մեջ դրվեց՝ առանց հանրային ու մասնագիտական քննարկման: Ինչո՞ւ։

Այս նախագիծը, որն այս պահին քննարկման առարկա է դարձել, առհասարակ չպետք է դառնար քննարկման առարկա։ Այս փուլում նախագիծը հանրային քննարկման չի դրվել, որովհետև սա դեռ նախագիծ է, որ ներկայացվել է մի քանի ՀԿ-ների կողմից։ Մենք, ԱԺ-ում ստեղծելով աշխատանքային խումբ, աշխատում ենք նախագծի մշակման վրա։ Մենք բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել ենք քննարկումներին, առաջարկել ենք ներկայացնել իրենց տարբերակները, առարկաները տարբեր հոդվածների շուրջ։ Մի քանի ՀԿ-ներ ներկայացրել են այս նախագիծը։

Դեռևս մի շարք հանդիպումների արդյունքում նոր պետք է ձևավորվի այն վերջնական նախագիծը, որն, այո, պարտադիր պետք է դրվի հանրային քննարկման, հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները, քննադատությունները։ Այսինքն՝ այս փուլում խոսել «Իմ քայլը» խմբակցության կամ առավել ևս կառավարության որդեգրած քաղաքականության մասին, ընդհանրապես անիմաստ է, որովհետև չկա դեռ պատրաստի նախագիծ։ Սա սևագիր օրինագիծ է, որի վրա դեռ շատ-շատ շտկումներ են արվելու։

Առավել շատ քննադատվում է դրույթը, ըստ որի՝ Հանրային հեռուստաընկերությանը տրվելու է վճարովի գովազդ հեռարձակելու թույլտվություն՝ մեկ եթերային ժամում մինչև 5 րոպե տևողությամբ։ Շատերի գնահատմամբ, սա մասնավորից գովազդի չափաբաժինը խլելու միտում ունի։ Այս մասով քննարկումներ եղե՞լ են և արդյոք արդարացված է Հանրայինին նման հնարավորություն տալը։

Նախ՝ նորից ուզում եմ հիշեցնել, որ սա մի քանի ՀԿ-ների կողմից ներկայացված նախագիծ է։ Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա Հանրային հեռուստաընկերությանը գովազդ տալու միտումն այն է, որ բյուջեի վրա ծանրաբեռնվածությունը որոշակի չափով նվազի։ Այսօր էլ Հանրայինը որոշակի գովազդի հնարավորություն ունի, այսինքն՝ հաղորդաշարերի հովանավորության տեսքով և այլն։ Այո, հիմա առաջարկվում է ավելացնել գովազդի չափաբաժինը, դրանով որոշակի անկախության հնարավորություն տալով Հանրային հեռուստաընկերությանը։

Եթե մենք ամեն ինչին ուղիղ նայենք, ապա այսօր Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ ֆինանսավորվում է բյուջեից, և սա ոչ թե հանրային, այլ պետական հեռուստաընկերության տրամաբանությամբ է աշխատում։ Օրինակ՝ Չեխիա մեր այցելության ժամանակ տեսանք, որ այնտեղ Հանրային հեռուստաընկերությունը առանձին վճարներով է աշխատում, պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվում։ Այսինքն մարդիկ ուղիղ ֆինանսավորում են Հանրային հեռուստաընկերությանը։ Սրա մասին Հայաստանում, բնականաբար, դեռ վաղ է խոսելը, դրա համար այս նախագծով առաջարկվում է այլընտրանքային տարբերակ, որոշակի գովազդի չափաբաժին ավելացնել, որ ընկերության անկախությունն ապահովվի։

Նշվում է, որ նախկինում այդ փոփոխությունները տեղի ունեցան, որ մասնավորին գովազդ տրամադրեն մեծ բաժնով և հայտնի էր, թե ինչ նպատակով էր դա արվում։ Հիմա փորձում են նրանց ձեռքից դա վերցնե՞լ։

Ես չեմ կարող այդ առաջարկը ներկայացնողների միտումների մասին խոսել։ Մեր կողմից նման առաջարկ չի հնչել և մենք չենք ներկայացրել մեր տեսլականը։ Այո, ես համաձայն եմ, որ գովազդի շուկան մոնոպոլիզացվել էր և, այո, խնդիր կա այդ շուկան ազատականացնելու,որից կախված են նաև մի շարք հեռուստաընկերությունների գովազդային մուտքերը։ Կա նման խնդիր, բայց ես չեմ կարծում, որ սա այդ խնդիրը լուծելու ճանապարհն է։ Սա Հանրային հեռուստաընկերության անկախությունն ապահովելու միտում ունի։

Ավելին՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել