Հիմա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև. Լեւոն Զուրաբյան |lragir.am|
10:15 - 24 մայիսի, 2019

Հիմա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև. Լեւոն Զուրաբյան |lragir.am|

lragir.am։ Անցումային արդարադատության գործիքը դեռ չի բնորոշում դրանով կատարվող աշխատանքի որակը, այն մի գործիք է, որը կարող է և լավ օգտագործվել, և վատ։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։

«Բայց որ այդ գործիքն անհրաժեշտ է, դա մեզ մոտ կասկած չի հարուցում։ Գործիքն առաջին հերթին անհրաժեշտ է մի պարզ պատճառով, որ մենք անցում ենք կատարում ավտորիտարիզմի, բռնաճնշումների, կոռուպցիայի ու ավազակապետության վրա հիմնված մի հասարակարգից դեպի ժողովրդավարություն։

Բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ այդ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խախտումներ։ Այսինքն՝ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց իրավունքներից, մարդկանց սպանել են, Մարտի մեկի ոճրագործությունն այդ ամենի գագաթնակետն էր, հարյուրաներով վիրավորվածներ կային։

Միայն այդ բախման խնդիրը չէ, մարդկանց հազարներով հեռացրել են իրենց աշխատանքից, սեփականություն են խլել։ Այսինքն՝ այսօր մենք ունենք վիրավորված հասարակություն, որն օտարվել է պետությունից։

Եթե հիմա կա մի իշխանություն, որը վստահություն է ներշնչում, որ ինքը կարող է այդ հարցերը լուծել, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցերն ավտոմատ կերպով լուծվել են»,- ասաց նա։

Ըստ Զուրաբյանի՝ այն, ինչ մենք ունենք այսօր, դա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև։ Հասարակությունը դեռ իր իրավունքները չի վերականգնել։

«Անցումային արդարադատության ամբողջ իմաստը իրավունքների վերականգնումն է։ Այսինքն՝ այդ բոլոր մարդիկ պետք է հաշտվեն իրենց պետության հետ։ Եվ բոլոր հասարակություններում գործընթացը առաջ է գնացել միայն այն դեպքում, եթե ստեղծվել է դրա համար գլխավոր գործիքը, որը կոչվել է ճշմարտության և հաշտության հանձնաժողով»,- ասաց նա։

Դա եղել է պետական միջգերատեսչական մարմին, որը զբաղվել է բոլոր այն քաղաքացիների խնդիրներով, որոնց իրավունքները ոտնահարվել են։ «Սրա մասին դեռ խոսակցություն չի գնում, բայց ՀԱԿ-ը հեղափոխությունից անմիջապես հետո առաջինն առաջարկեց, որ լինի անցումային արդարադատություն, հենց դա նկատի ունեինք։ Չգիտես ինչու, դրա մասին դեռ խոսք չի գնում, ես նկատի ունեմ ճշմարտության և հաշտության հանձնաժողովի ստեղծումը»,- ասաց նա։

Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև ԲԴԽ նախագահ Գագաիկ Հարությունյանի հրաժարականին։ Նա նշեց, որ այդ պաշտոնանկություններն ու անցումային արդրաադատության ուղղությամբ քայլերը պետք է հենց հեղափոխությունից հետո լինեին։ Գործընթացն ուշացել է։

«Ես չգիտեմ ինչու բավականին հանգիստ վերաբերվեցին դատական այս կոռումպացված իշխանության պահպանմանը։ Եվ ես կարծում եմ՝ սա լուրջ սխալ է։ Եվ այսօր Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումը այդ սխալի հետևանքն է»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել