Ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ներգրավված լինեն նաև նախկին վարչակարգի անդամներ․ Կարեն Զադոյան
09:44 - 24 մայիսի, 2019

Ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ներգրավված լինեն նաև նախկին վարչակարգի անդամներ․ Կարեն Զադոյան

Արձանագրվե՞լ են կամ հայտնի՞ են արդյոք դեպքեր, երբ անցումային արդարադատության միջով անցած դատական իշխանության նկատմամբ երկրորդ անգամ անցումային արդարադատություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Այս հարցը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրեց փաստաբան Արմեն Հարությունյանը։

Մասնավորեցնելով հարցը՝ Հարությունյանը հավելեց․ «Այսինքն՝ այն անկախությունը և այն նպատակները, որ հետապնդում էին անցումային արդարադատություն իրականացնելիս, ձեռք չեն բերվել և հակառակը՝ դատական իշխանությունը կախման մեջ է հայտնվել կոնկրետ այդ անցումային արդարադատություն իրականացնող իշխանությունից»։ Փաստաբանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք ինչ երաշխիքներ կան, որ նման իրավիճակ ՀՀ-ում չի լինի։

Պատասխանելով այս հարցերին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ ինքն անձամբ ծանոթ չէ նման փորձի, բայց կարող է անցումային արդարադատության մյուս գործիքակազմից օրինակ նշել, ապա խոսեց Չիլիի փորձի մասին։

«Պինոչետի վարչակազմից հետո ստեղծվեց ճշմարտության հանձնաժողով։ Առաջին փուլում խնդիր էր դրված բացահայտել սպանություններն ու անհետ կորածների խնդիրները։ Այդ հանձնաժողովում ներառվեցին չորս հոգի նախկին Պինոչետի վարչակարգից, չորս հոգի՝ այդ ներկա վարչակարգից։ Մեկ տարվա ընթացքում փայլուն աշխատանք կատարեցին և այնքան արդյունավետ էր աշխատանքը, որ դրանից երկու տարի հետո ստեղծվեց նոր հանձնաժողով՝ բացահայտելու արդեն խոշտանգումների դեպքերը»,-շեշտեց Զադոյանը։

Նա հավելեց, որ դա նաև համախոհության շատ լավ օրինակ է, որովհետև ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ներգրավված լինեն նաև նախկին վարչակարգի անդամներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել