Հայաստանի 10 մարզում դեկտեմբերին կազմակերպվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են մարզպետարանների, համայնքապետարանների, ՀԿ-ների, բիզնես ոլորտի, գիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Քննարկումներն անցկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետները՝ Եվրամիության տեխնիկական աջակցության թիմի օժանդակությամբ։

Քննարկումների ժամանակ ներկայացվել է ռազմավարության նոր տարբերակը, խոսվել է փաստաթղթի վերանայման և թարմացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ փաստաթղթում ինտեգրվել է «Սմարթ մասնագիտացման ռազմավարություն» մոտեցումը, որը նոր բաղադրիչ է և ուղղված է բոլոր ոլորտներում նորարարական մոտեցումների ներդրմանը՝ ելնելով յուրաքանչյուր մարզի ու բնակավայրի առանձնահատկությունններից, առավելություններից։

ՏԿԵՆ մասնագետները նշել են, որ մարզերում նման հանդիպումների նպատակը տեղերում արված առաջարկներն ու դիտողությունները քննարկելու, փաստաթղթում առաջարկները ներառելուն է ուղղված։

Քննարկման մասնակիցները ողջունելի են համարել, որ փաստաթուղթը տեղերում քննարկելու և այն իրենց դիտողությունների, առաջարկությունների հիման վրա լրամշակելու հնարավորություն է ստեղծվել:

2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նպատակն է ապահովել ՀՀ բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացում՝ ըստ իրենց հատուկ կարիքների և ռեսուրսների, լավագույն փորձի և նորարարական մոտեցումների կիրառմամբ: