armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին, որով մեղմացվում են քաղաքացիների կողմից հանրաքվեներ նախաձեռնելու համար սահմանված սահմանափակումները:
Նախագծով նախատեսվում է կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50-ից իջեցնելով մինչև 25-ի (Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս), երկարացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախաձեռնող խմբի և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի գրանցման կամ մերժման համար նախատեսված ժամկետը՝ 3 օրը դարձնելով 10։
Ողջամիտ ժամկետներ տրամադրելով լիազոր մարմնին նախատեսված փաստաթղթերը ուսումնասիրելու համար, միաժամանակ սահմանվում է, որ այս ժամկետներում որոշումը չկայացնելու դեպքում նախաձեռնող խումբը համարվում է գրանցված (Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մաս), վերացել ստորագրությունների հավաքագրումը բացառապես որոշակի տարածքներում։
«Նախատեսվում է նաև հանել (համայնքապետարաններում, բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում, Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, մարզպետարաններում) հանրաքվեներ կազմակերպելու սահմանափակումը (Օրենքի 13-րդ հոդվածի 15- րդ մաս), նպատակ ունենալով նվազեցնել ստորագրությունների հավաքագրման հետ կապված խոչընդոտները, նույն նպատակով չեղարկել ստորագրությունների հավաքագրումը հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ իրականացնելու պայմանը (Օրենքի 13-րդ հոդվածի 16-րդ մաս), երկարացնել ստորագրությունների հավաքումն իրականացնելու համար նախատեսված օրերի քանակը օրենսդրական նախաձեռնությունների համար սահմանելով 90 օր նախկին 45-ի փոխարեն, իսկ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների համար սահմանելով 180 օր նախկին 90-ի փոխարեն (Օրենքի 13-րդ հոդվածի 19-րդ մաս)»,- ասված է հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ներդնել անմիջական ժողովրդավարության գործուն տարրեր։ Սա ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի տեղ գտած պարտավորությունների իրականացումն է (համաձայն 23-րդ կետի՝ «Զարգացնելու ենք ուղիղ ժողովրդավարության մշակույթը տեղական եւ համապետական հանրաքվեների ինստիտուտի միջոցով»), այլ հատկապես քաղաքացիներին պետական կառավարման ավելի անմիջականորեն մասնակցելու և քաղաքական իրավունքները իրացնելու լրացուցիչ հնարավորություն և ազդակ է ստեղծելու։
Քաղաքացիների՝ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունքի անարդյունավետ և ոչ գործուն իրավական կարգավորումների մասին վկայում է թե՛ անցած տարիների փորձը, որի ընթացքում չի գրանցվել այդ իրավունքը իրացնելու որևէ դեպք և թե՛ այլ երկրներում համանման իրավակարգավորումների համեմատական վերլուծությունը։
comment.count (0)