iravaban.net: 2020 թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։

Նշենք, որ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի թեկնածուներն էին Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը։

Կառավարման խորհուրդի 6 անդամներից 1-ը քվեարկել է Անուշ Մարտիրոսյանի, 5-ը՝ Լիանա Աշրաֆյանի օգտին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապրիլի 16-ի որոշմամբ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել։ 

Որոշման մեջ նշվում է, որ նշված կազմակերպության կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանի կողմից բողոքարկվել են մրցույթի արդյունքները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը 02.04.2020թ. հ.01/07.1/7798-20 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մարտի 24-ի N 235-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի 27.03.2020թ. եզրակացության հիման վրա «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար 2020 թվականի մարտի 6-ին կայացած մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչելու առաջարկությամբ:

Եզրակացությամբ նշվել է հետևյալը.

«Ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ 2020 թվականի հունվարի 23-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակվել է դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին 1-ին հրապարակումը, իսկ 2-րդը նույն թերթում պետք է լիներ հունվարի 28-ին, սակայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» հ.42-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ շաբաթ օրը, ինչի արդյունքում անհնարին է դարձել հունվարի 28-ին 2-րդ հրապարակումն այդ թերթում և այն հրապարակվել է հունվարի 29-ին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում, իսկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ հունվարի 30-ին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի ավարտը պայմանավորված է վրա հասած իրադարձությամբ, ապա այն ավարտված է համարվում վրա հասած իրադարձության օրվան հաջորդող օրվանից, որով որոշված է ժամկետի ավարտը, իսկ 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

Սակայն չի պահպանվել Կարգի 7-րդ կետի հետևյալ պահանջը՝ «մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից 30 օրվա ընթացքում»: Այսինքն՝ հիմք ընդունելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը, ապա հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից (29.01.2020թ.) հաշված հայտերի ընդունման 30-րդ օրը փետրվարի 27-ն է և ոչ թե հայտարարության մեջ նշված փետրվարի 26-ը: Հետևաբար՝ պետք է տեղափոխվեր նաև մրցույթի անցկացման օրը և կարգի 7-րդ կետի համաձայն՝ նշանակվեր փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը, որը չի կատարվել և դրանով իսկ վատթարացվել են հավակնորդների իրավունքները:»:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն՝ մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:

Առաջին անգամ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի հայտարարությունը հրապարակվել է 2020 թվականի հունվարի 23-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում, իսկ երկրորդը՝ հունվարի 29-ին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում:

«Հայկական ժամանակ» օրաթերթում 2020թ. հունվարի 29-ին հրապարակված երկրորդ հայտարարության մեջ մրցույթին մասնակցելու մասին հայտերի ընդունման ժամկետը նշված է եղել 2020թ. փետրվարի 26-ը, մինչդեռ պետք է նշված լիներ 2020թ. փետրվարի 27-ը, իսկ մրցույթը պետք է նշանակվեր փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը՝ 2020թ. մարտի 9-ին, այլ ոչ թե 2020թ. մարտի 6-ին: Այսինքն՝ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջները, որի արդյունքում՝ վատթարացվել են հավակնորդների իրավունքները:

ՀՀ կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվում` ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:

Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա, իսկ որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ Infocom-ը  անդրադարձել էր Նիկոլ Աղբալյանի դպրոցի տնօրենի ընտրությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին։ Դպրոցի տնօրենի ընտրության օրը՝ մարտի 6-ին ևս ներկայացրել էինք տնօրենի ընտրության գործընթացի մանրամասները։