pastinfo.am:  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին  հայտնեց Նորայր Փանոսյանի պաշտպանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Փանոսյանին կալանավորելու համար հիմքերը բացակայում են։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 9-ին բավարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր.

«Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել մեր պաշտպանյալին կալանավորելու, որն իհարկե կբողոքարկենք»։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։